Մամ, մամ, Նոր տարի ա

Մամ, մամ, Նոր տարի ա
Արմավիրի մարզի Գայ գյուղում ապրող Նահապետյանների ընտանիքում չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են նշել Նոր տարին:  «Երբ ձմեռը գալիս ա, ամբողջ օրը չեմ կարողանում երեխեքի լացի ձայնը կտրել. ուզում են, որ մենք էլ բոլորի նման Նոր տարի անենք, տոնածառ դնենք,-ասում է ընտանիքի մայրը` 32-ամյա Մարինեն,- նույնիսկ փոքրիկ տղես, որ նոր խոսել ա սովորել, անընդհատ կրկնում ա՝ մամ, մամ, Նոր տարի ա գալիս, Ձմեռ պապին ինձ ի՞նչ նվեր ա բերելու»: 



 



 



Ընտանիքի համար սովորական է դարձել տան դուռը փակելը եւ օրերով կիսասոված սպասելը, թե երբ են անցնելու տոնական օրերը: Մտածում են ուրիշ տուն տեղափոխվելու մասին, քանի որ տան պայմանները անբարենպաստ են` առնետները, անձրեւաջրերը դարձել են նրանց մտերիմ բարեկամները: «Երեկոները չեմ քնում, վախենում եմ կռիսները գան, երեխեքիս մի վնաս տան. կռիշից կաթում ա, դեռ լավ ա՝ անձրեւ ա գալիս, ձյան դեպքում տանը ջրհեղեղ ա լինում»,- ասում է Մարինեն` նշելով, որ պատերն ամբողջովին քարուքանդ են, անապակի լուսամուտները փակում են պոլիէթիլենային տոպրակներով: Ընտանիքը գոյատեւում է միայն 51 հազար դրամ նպաստի հաշվին: Մարինեն նշեց, որ, սոցիալական ծանր վիճակից ելնելով, երեխաներից երկուսին ուղարկել է Ռուսաստան՝ իր ծնողների մոտ, մեկին էլ գիշերօթիկ դպրոց են տարել:



 



«Ստանում եմ նպաստը ու չեմ էլ հասկանում, թե ինչ եղավ, ամուսինս Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ, աշխատանք չունի, եւ այդ գումարով կարողանում եմ միայն դեղերը գնել»,- դժգոհեց տանտիկինը` նշելով, որ առաջին հայացքից մեծ գումար է, բայց ամեն ինչ օր օրի թանկանում է, իսկ գումարը չի ավելանում: Երեխաների հագուստի հետ կապված խնդիրներն օգնում են լուծել հարեւանները՝ շորեր, կոշիկներ են տալիս. «Բայց Ռուդոլֆիս` փոքր տղուս համար հարմար հագուստ չի լինում մեջները, երեխեքի, իմ մեծ շորերն եմ հագցնում, որ չմրսի: Երեխես չգիտի, թե ինչ է իրենից ներկայացնում կոշիկը»:



 



Մարինեն պատրաստ է ամենածանր եւ դժվար աշխատանքի, միայն թե հոգա երեխաների օրվա հացը: Ուրախ է լինում, երբ համագյուղացիները թեկուզ չնչին գումարի դիմաց աշխատանք են առաջարկում. հղի վիճակում անգամ վճարի դիմաց մաքրել է հարեւանի զուգարանը: Բազմազավակ մոր խոսքերով, իրեն առաջարկել են վաճառել փոքր տղային՝ մյուսների գոյությունը պահպանելու համար. «Արտասահմանից էին եկել, ասի՝ չէ, սոված կմեռնեմ՝ չեմ ծախի եւ նույնիսկ մանկատուն չեմ հանձնի, առանց նրանց իմ կյանքը հավասարազոր է մահվան»։



 



9-ամյա Հարությունի խոսքերով, ամեն երեկո, երբ պառկում է քնելու, մտածում է եղբայրների մասին: «Երբ հաց եմ ուտում, մտքովս միշտ նրանք են անցնում՝ տեսնես հաց կերե՞լ են, հիմա ի՞նչ են անում,- ասում է Հարությունը` նշելով, որ երբ տուն է գալիս, այլեւս չի ցանկանում վերադառնալ գիշերoթիկ,- բայց պետք ա գնամ, որ մամային մի քիչ օգնած լինեմ»: Մենք չենք ցանկանում ճոխ կյանքով ապրել,- ասում է բազմազավակ մայրը` իրենք ցանկանում են գոնե գոյատեւել:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ