«Պետություն-մասնավոր» համագործակցության գումարելիները

«Պետություն-մասնավոր» համագործակցության գումարելիները
Կառավարությունը մշակել եւ իրականացնում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն։ Ընտրվել են մի շարք առաջնային ոլորտներ. ճշգրիտ ճարտարագիտություն, կոնյակագործություն, գինեգործություն, ադամանդագործություն, ոսկերչություն, տեքստիլ արտադրություն եւ այլն։



 



Վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ փորձ է արվում կյանքի կոչել ոչ թե առանձին ճյուղերի զարգացմանն ուղղված որոշակի ծրագրեր, այլ համալիր մշակված ռազմավարություն։



 



ՈՐՈՇԻՉ Է  ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՁԱՅՆԸ



 



Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հիմնական սկզբունքը պետություն-մասնավոր հատված համագործակցությունն է. ինչպես վարչապետին կից արդյունաբերական զարգացման խորհրդում, այնպես էլ ոլորտային խորհուրդներում մեծամասնություն են կազմում մասնավոր հատվածի ներկայացուցիչները, ինչը որոշիչ է դարձնում նրանց խոսքը որոշումներ ընդունելու ժամանակ։



 



Պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլեւ պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն։ Մասնավոր հատվածն էլ պարտավորվել է իրականացնել լրացուցիչ մասնավոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտահանման ծավալը։ Վերամշակող արդյունաբերության 11 ճյուղերի արտադրանքի արտահանումը 2015թ. կկազմի 700-900 մլն դոլար՝ ներկայիս 385 մլն դոլարի փոխարեն։



 



«ԳՈՐԾԸՆԿԵՐ,  ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ»



 



Ադյունաբերության զարգացման ռազմավարությունը համակարգվում է ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կողմից։ Խորհրդի նոյեմբերին կայացած նիստում, ի թիվս ծրագրերի իրականացման գործողությունների եւ քայլերի քննարկումների, հաստատվեցին նաեւ ճշգրիտ ճարտարագիտության 2012-2015թթ. գործողությունների եւ գինեգործության ոլորտի 2012-2020թթ. ռազմավարության եւ 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը, կառավարության եւ ոլորտները ներկայացնող ընկերությունների միջեւ ստորագրվեցին փոխըմբռնման հուշագրեր։ Մինչ այդ համագործակցության պայմանագրեր են կնքվել դեղագործության եւ կոնյակագործության ոլորտների ձեռնարկությունների հետ։



 



Կողմերը համատեղ միջոցառումներում հնարավորինս պետք է կիրառեն պետության եւ մասնավոր հատվածի կողմից համաֆինանսավորման սկզբունքը՝ նպաստելով ոլորտների երկարաժամկետ զարգացմանը, միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովմանը։



 



«Կառավարությունը դարձավ մեր ընկերը՝ մեր հակառակորդի փոխարեն. ինչ մենք ուզում էինք վերջին 20 տարվա ընթացքում, կատարվեց»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը՝ նկատի ունենալով, որ, ի թիվս գինեգործության զարգացմանն ուղղված ծրագրերի, կառավարությունը որոշել է միջազգային ցուցահանդեսներին գինի արտադրողների մասնակցությունն ապահովելու նպատակով հատկացնել 100 մլն դրամ։



 



ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է  ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ



 



Ոլորտի զարգացման կառույցների եւ գործիքների շարքը շուտով կլրացնի արդյունաբերության զարգացման հիմնադրամը, որին 2013թ. պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 300 մլն դրամ։ Սպասվում է, որ այստեղ եւս կներգրավվեն մասնավոր միջոցներ, իսկ հիմնադրամի խորհրդի աշխատանքներին, պետական հատվածի հետ, կմասնակցեն նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները։



 



Արտահանման խթանման համար եւս մեկ աջակից կդառնա «Հայաստանում արտահանման վարկավորման գործակալությունը», որը կգործի որպես վարկային ապահովագրական ընկերություն։ Ակնկալվում է, որ դրա միջոցով հնարավորություն կստեղծվի ավելի մատչելի եւ հասանելի դարձնել արտահանման ֆինանսավորման միջոցները, ապահովագրվել ռիսկերից։



 



2012-ին եւս կառավարությունը շարունակել է աջակցել մասնավոր հատվածին, մասնավորապես, 300 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի խրախուսման, փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտին վարկերի տրամադրման եւ այլ ուղղություններով։ Գործադրած ջանքերն արդեն տալիս են առաջին պտուղները։ 2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով, ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում արդյունաբերական ոլորտի արտադրանքի 10 տոկոս աճով. 10 ամսում թողարկվել է 895 մլրդ դրամի արտադրանք, արտահանման ծավալն աճել է 13 տոկոսով՝ կազմելով 305 մլրդ դրամ։ Ընթացիկ տարում Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալով կգերազանցի մեկ տրիլիոն դրամի մակարդակը։



 



Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն