ՄԵՐ ՔԱՂԱՔԸ. Չկա իրականություն

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ. Չկա  իրականություն
Երբ փոքր էի, քաղաքի շուկաներում ամենաշատ հանդիպող ու տպավորիչ բանը ձուկն էր: Պարկերի, թասերի ու դույլերի մեջ արծաթե հեղեղ էր: Սեւանի սիգը գետի պես առատ հոսում էր շուկայի նախամուտքի երկայնքով: Ինձ թվում էր՝ միշտ է այդպես լինելու: Մտածմունք չկար, որ եղածը մի օր ավարտվելու է ու դառնալու մի տեսակ ցավոտ, բայց երջանիկ հիշողություն: Եղածը ՄԵԾ բան էր՝ ձուկ էր, որ հիմա չկա: Ու քաղաքում արդեն շատ բաներ չկան:



 



Ինչ էլ կա՝ տաղտկալի է ու միօրինակ: Հայաստանի քաղաքական ու հասարակական կյանքը կեղտի մեջ է: Մարդիկ կամուրջներից են թռչում, կտրում են երակները, թույն են խմում, անգործությունից ու տրտմությունից սպանում են դիմացինին, հարազատին: Ամեն օր լրահոսը ոռնում է նոր արյունոտ դեպքերով: Բռնությունը թափ ո՞վ պիտի կոտրի: Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր օրերով տնից դուրս չեն գալիս, ժամերն անցկացնում են ինքնամփոփության ու դատարկության մեջ՝ կորցնելով հետաքրքիր գաղափարների իրացման վերջին հույսը, ապրելու ու ստեղծելու իմաստը: Եթե մարդու միջից անհետանում  է իրականության զգացողությունը, ինչ ուզում ես՝ արա. ուզում ես հեղափոխություն տուր, աշխատանք տուր, ընկերներ տուր, սեր տուր, մեկ է, գնացքը վաղուց հեռացել է, բացթողնվածի հետեւից ինչքան ուզում ես ոռնա՝ չի լսելու: Իսկ որտե՞ղ փնտրել այդ իրականությունը. նույն տխուր փողոցներում, նույն փաբերում, նույն  սրճարաններում, նույն հանգստյան վայրերում, նույն խրախճանքներում, նույն թաղումներում, նույն կորուստներում ու ձեռքբերումներում, նույն անփոփոխ դեմքերի մեջ, սեքսի ու թմրադեղերի մեջ, բռնության ու կարեկցանքի տարածքում:  Ամեն ինչ սպառվել է:



 



Չկա իրականություն: Հայաստանում իրականությանը փոխարինելու է եկել կեղծ ֆանտասմագորիան: Ֆանտասմագորիկ քաղաքական լուծումներ, ֆանտասմագորիկ վերլուծություններ: Ապագայի շուրջ կանխատեսումներ, որոնց երեւի կնախանձեին ճանաչված հեքիաթասացները: Իրականության բացակայությունը զգացողությունների ու ապստամբությունների վախճանն է:  Իշխանությունն ինչ էլ անի՝ հետեւում, առջեւում, աջ ու ձախ կողմերում դատարկություն է: Իրականության բացակայությունը թեւածում է երկրով մեկ:  Ասում են՝ կեղտից նոր կյանք է ծնվում: