Սերժ Սարգսյանին Ծառուկյանը պետք է «կենդանի» վիճակում

Սերժ Սարգսյանին Ծառուկյանը պետք է «կենդանի» վիճակում
Իշխանությունը ճիշտ է խաղում. հանրության ուշադրությունը սեւեռել է Ծառուկյանի առաջադրվել- չառաջադրվելու վրա: Նույնիսկ մամուլը զերծ չի մնում այդ հոսանքից ու այնպիսի տպավորություն է, որ եթե Ծառուկյանն առաջադրվի, հայ ժողովուրդը շրջանցելու է աշխարհի վերջը: Պարզվելու են ջրերը եւ իմանալու ենք՝ ով ով է:



 



Իրականում Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելը քաղաքական դաշտում պարզություն մտցնելու փոխարեն, ավելի է պղտորելու այն, որովհետեւ երկու դաշտում էլ Ծառուկյանը կարող է հեշտությամբ խաղալ: Այլ հարց է, որ տեւական ձգձգումից հետո չառաջադրվելու հայտարարություն անելն ու Սերժ Սարգսյանին սատարելը նրան լիակատար փոշիացնելու է ժողովրդի առաջ: Գուցե մտածեք, որ օլիգարխի համար ոչնչացումը միայն «բիզնես տկլորությունն է» եւ  բարոյական արժեզրկումը առ ոչինչ է, բայց հավատացեք, գործող նախագահի համար Ծառուկյանի հետ միավորվելն առանց հասարակության բուռն աջակցության, զրո է, մեծ զրո: Սերժ Սարգսյանին Ծառուկյանը պետք է «կենդանի» վիճակում. նա ժողովրդի ձայնը «բռնելու» կարթի դեր է խաղալու... «Առանց կարթի» Ծառուկյանը պետք է նախագահին միայն մի դեպքում. երբ ձերդ պայծառափայլությունն ինքը որսա Ծառուկյանին:



 



Եթե Ծառուկյանը սատարի նախագահին ու նախագահ չառաջադրվի, հիանալի ու խոշոր որս է դառնալու նախագահի համար... Այս պարագայում երաշխիքային խոստումները չեն կարող փրկել Ծառուկյանին, դրանք մնալու են օդում: Իսկ եթե Ծառուկյանն առաջադրի իր թեկնածուությունը, հանրության մի մասի մոտ բուռն ոգեւորություն եւ հույս կառաջացնի, որովհետեւ այդ մասը կհավատա, որ Ծառուկյանն ինչպես խոստացել, այնպես էլ արել է՝ հանուն ժողովրդի դուրս է եկել իշխանության դեմ... Այս պարագայում Ծառուկյանը կվայելի հանրության աջակցությունը, որն օդի պես անհրաժեշտ է գործող նախագահին: Մյուս կողմից Ծառուկյանն ապահովագրված կլինի գործող նախագահի հետ խոսելու կոմպրոմատների լեզվով, որը, անշուշտ, հաջողություն կբերի նրան, չբացառելով, որ հաջողության շիթը առաջինը կողողի Սերժ Սարգսյանին: Կարծում եմ՝ գործող նախագահի համար ժողովրդին «մատ անելու» ճիշտ քայլը կլինի Ծառուկյանի առաջադրվելը...



 



Չառաջադրվելը երկուսին էլ սոսկալիորեն կվնասի՝ ոչ թե  ընտրություններում պարտվելու մասով, այլ ներքաղաքական վիճակի սրման հետեւանքով Հայաստանը կարող է մեծ տերությունների ձեռքին դառնալ խաղաքարտ... Երկու դեպքում էլ, խոսքս Գագիկ Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելու մասին է, հանրության համար ոչ մի փոփոխություն չի լինի, դա ընդամենը կգործի «իշխանական բազարների» շրջանակում:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ