Ոստիկանության բաժանմունքի պետը բերման է ենթարկվել

Ոստիկանության բաժանմունքի պետը բերման է ենթարկվել
Ոստիկանությունում ինքնամաքրման գործընթացը շարունակվում է: Օրենքն ու օրինապահությունը ոտնահարողը, ոստիկանի արժանապատվությունն ու համազգեստի պատիվն արատավորողը համակարգում տեղ չունի. սա է ոստիկանության ղեկավարության որդեգրած քաղաքականության հիմնարար սկզբունքը:

Արտաշատ քաղաքի մի բնակիչ դեկտեմբերի 12-ին ոստիկանության ներքին անվտանգության  վարչությունում հայտարարություն է տվել, որ ինքը նույն օրը, թմրանյութ օգտագործելու կասկածանքով, ատամնաբուժարանից բերման է ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունք, ապա տեղափոխվել նարկոլոգիական կենտրոն: Թմրանյութ օգտագործած լինելու հանգամանքը փորձաքննությամբ ի հայտ չբերելու և նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար ոստիկանության ծառայողները նրանից պահանջել են 3000 դոլար, ինչին ինքը չի համաձայնել:


Քիչ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է եկել նույն ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը և ոստիկաններից մեկի հետ առանձնազրույցից հետո քաղաքացուն ասել, որ 2000 դոլար վճարելու դեպքում բոլոր հարցերը կարող են կարգավորվել: Ըստ պայմանավորվածության՝ 300 հազար դրամը պիտի տրվեր նույն օրը, իսկ մնացած գումարը՝ այսօր` դեկտեմբերի 13-ին:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով, ոստիկանության ներքին անվտանգության վարչություն բերման են ենթարկվել բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը: Բերման է ենթարկվել նաև ատամնաբուժարանի բժիշկ Գևորգ Մարտիրոսյանը, իսկ ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանը կանչով ներկայացել է ոստիկանություն:


Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ: