Մատնոցախաղ

Մատնոցախաղ
Վերջին օրերին ողջ քաղաքական ու լրատվական դաշտը հեղեղված էր Գագիկ Ծառուկյանի հայտարարության արձագանքներով. ոմանք սգում էին, մյուսները հիասթափված էին, երրորդները լուրջ քաղաքագիտական վերլուծություններ ու կանխատեսումներ էին անում ապագայի համար:



 



Իսկ իշխանական թեւն անշուշտ ցնծության մեջ է՝ անմրցակից ընտրությունները նշանակում է սեփական թեկնածուի դյուրին հաղթանակ, նշանակում է քիչ ջանքեր, ֆինանսական ու մարդկային ռեսուրսների խնայողություն, պաշտոնները պահպանել եւ այլն: Եթե ծանրակշիռ թեկնածուներ չառաջադրվեն, եւ Սերժ Սարգսյանը մենակ մնա էպոսագետների հետ, ապա ամայացած դաշտում մեզ տաղտկալի ընտրություններ են սպասվում, որը ոչ միայն մասնագիտական առումով անհետաքրքիր կլինի, այլեւ երկրում ստեղծված ճահիճն ավելի կխորացնի: Մի քանի հազար քաղաքական գործիչների ու լրագրողների կարծիքն ու վերաբերմունքն այս ամենին առավել քան պարզ է, իսկ ի՞նչ է այս ամենի մասին մտածում շարքային քաղաքացին: Տաքսու վարորդները, ինչպես հայտնի է, հասարակության ամենապերճախոս ու ամենատեղեկացված մարդիկ են:



 



Երեկ նստածս մեքենայի վարորդը շատ պատկերավոր նկարագրեց հայաստանյան քաղաքական դաշտը՝ ընտրությունների շեմին. «90-ականներին, հիշո՞ւմ եք, մատնոց էին ֆռռացնում՝ որը բացում էին, շարիկը չկար: Քեզ թվում էր՝ գիտես որի մեջ է շարիկը, հիմա կշահես, բայց բացում էին՝ էլի չկա: Հիմա որ «մատնոցը» բարձրացնում ենք՝ տակը դատարկ է: Ում հետ հույս ենք կապում, պարզվում է՝ փուչ է»: Մյուս զրուցակիցս ավտոկայանատեղիի հսկիչն էր: Ասում է՝ էհ, լավ բան չեղավ՝ Ծառուկյանը հանեց թեկնածությունը: Հարցնում եմ՝ Ձեր համար ի՞նչ տարբերություն: Ասում է՝ ո՞նց թե, մի 5 հազար դրամ էինք աշխատելու, դրանից էլ զրկվեցինք: Ահա այսպիսի իրականություն: