Մուշեղ Գալշոյան - 79

Մուշեղ Գալշոյան - 79
Երեկ լրացավ տաղանդավոր արձակագիր Մուշեղ Գալշոյանի  ծննդյան 79-ամյակը: Ապրելով ընդամենը 48 տարի` գրողը հեղինակեց «Կռունկ», «Մարութա սարի ամպերը», «Բովտուն» վեպերը, «Ծաղկած քարեր» ժողովածուն: Շարունակելով կիսատ թողած ակոսը Ակսել Բակունցի, Խաչիկ Դաշտենցի` Մուշեղ Գալշոյանը յուրահատուկ կատարելության հասցրեց կորցրած հայրենիքի մասին ասքը:



 



Իր ծննդավայր Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղի մշակույթի տանը երեկ` դեկտեմբերի 13-ին, նշվեց մեծ գրողի ծննդյան 79-ամյակը, իսկ մինչ այդ Ներքին Բազմաբերդի մշակույթի տան թատերական խումբը` ղեկավար Ռուզաննա Գրիգորյան, բեմադրեց «Մամփրե արքա» պատմվածքը գյուղի, մարզկենտրոն Աշտարակի եւ Երեւանի բեմերում:



 



Մինչդեռ խուլ ու համր էր (չի բացառվում` նաեւ անտեղյակ) Հայաստանի գրողների միությունը, որ իր համար երեւի թե ավելի կարեւոր գործերով էր զբաղված: Չնայած մեծերը երբեք այս Գրողների միության կարիքը չունեն, առավել եւս Մուշեղ Գալշոյանը, ով ապրում էր այնպես, ինչպես ստեղծագործում էր, եւ հակառակը, իր կերտած հերոսների նման` հպարտ, անվեհեր եւ արդիական բոլոր ժամանակներում: