Հայր եւ որդի Իգլեսիասներ

Հայր եւ որդի Իգլեսիասներ
Հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասն իր հանրաճանաչ հայրիկի՝ Հուլիո Իգլեսիասի հետ առանձնապես մոտ չի եղել, եւ մանկության քաղցր հիշողություններն էլ շատ չեն՝ կապված ծնողների հետ, քանի որ հայտնի հայրիկը մշտապես զբաղված է եղել իր երաժշտական կարիերայով, իսկ մայրն էլ մասնագիտությամբ լրագրող էր ու շատ քիչ էր տանը ժամանակ անցկացնում որդու հետ: Այսպիսով, կարելի է ասել, Էնրիկեին մեծացրել է դայակը:



 



Պատանեկան հասակում Էնրիկեն երգեր էր ձայնագրում` չօգտագործելով հոր ազգանունը, որպեսզի կարողանա ինքնուրույն կայանալ: Նա անգամ թաքցնում էր ծնողներից երաժշտության նկատմամբ սերը: Այսօր, իհարկե, Էնրիկեն օգտագործում է հոր ազգանունը: «Դա իմ արյան ու պատմության մի մասն է, եւ, բնականաբար, ես պետք է կրեմ հորս ազգանունը»,-ասում է նա: Հուլիոյին եւ Էնրիկեին հաճախ են համեմատում միմյանց հետ: Երկուսն էլ գրավեցին աշխարհը իրենց սիրային մելոդրամատիկ երգերով: Հայրիկ Իգլեսիասը հայտնի սրտակեր է, ասեկոսեներ կան, որ նա ուղիղ հազար կին է փոխել: «Հազար կի՞ն... օ՜, դա 70-ականներին էր»,-կատակում է Հուլիո Իգլեսիասը: Իսկ ահա որդուն երբեք չես «բռնացնի» տարբեր աղջիկների հետ:



 



Էնրիկեն մեծ սիրով եւ հավատարմությամբ է կապված կնոջ՝ Աննա Կուռնիկովայի հետ: Այո, հայր ու որդի միայն այս հարցում չէ, որ տարբեր են: Հայրիկը՝ միշտ դասական ոճով հագնված, Էնրիկեն` հակառակը, բոթասներով եւ մարզահագուստով է բեմ դուրս գալիս: Եթե հայրիկը պաշտում է երեկույթները, փառքը, թանկարժեք մեքենաները, ապա Էնրիկեն տանել չի կարողանում թանկարժեք լիմուզինները, հեռուստաշոուները:



 



Վերջերս Էնրիկեն ճանաչվել է մոլորակի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը: Բնականաբար, երկրպագուհիները խելագարվում են գեղեցկադեմ ու տաղանդավոր երիտասարդի համար, իսկ նա հանգիստ է ընդունում այս փաստը. «Դա իմ աշխատանքի մի մասն է»: