Առնետները կերան Աջափնյակը

Առնետները կերան Աջափնյակը
Եթե Աջափնյակում ոչ մի խնդիր չլինի, միայն բազմաբնակարան վթարային շենքերը բավական են, որպեսզի մարդիկ ապրեն ահուդողով, մշտապես ցնցումների մեջ, որովհետեւ սեյսմակայունությունը մեր երկրում, մանավանդ Սպիտակի աղետից հետո, ամեն ակնթարթ անխուսափելի է դարձնում  աղետները:



 



Սակայն այս վթարային շենքերի առկայությունը կարծես բնակիչները մոռացել են, քանզի առօրյա բազմապիսի խնդիրները քաղաքի ծայրամասն օր օրի խեղդում են, ու դրանց լուծումները կարծես չեն նշմարվում, որովհետեւ անցումային շրջան կոչվող այս քսան տարում այստեղ շատ քիչ բան է փոխվել: Վթարային 4-5 հարկանի շենքերից այնքան էլ չեն տարբերվում, այնքան էլ նախանձելի վիճակում չեն նաեւ բարձրահարկերը, քանզի, լինելով բարձրահարկ, ավելանում են այս շենքերի պահանջված խնամքն ու սպասարկումը, որը երբեք էլ պատշաճ մակարդակով չի կատարվում, ու ակամա առաջացնում են նորանոր խնդիրներ  բնակիչների համար: Բոլոր խնդիրներից զատ,  միայն առնետների բանակը բավական է, որպեսզի սրանց բնակիչները մշտապես նույն ցնցումների զգացողությունն ապրեն, ինչ վթարային շենքի բնակիչը կունենա` հիշելով, որ ապրում է սեյսմավտանգ ընդերքի շերտի վրա:



 



Ժամանակին այս շենքերը կառուցվել են հուսալի եւ ապահով աղբահանման համակարգով: Այն եղել է փակ, մեկուսացված, շենքերի տարբեր հարկերից աղբը համապատասխան դռներով նետվել է փակ համակարգից ներս, որը կառուցվել է դարձյալ մեկուսացված կուտակարանում եւ այնտեղից համապատասխան աղբահանման մեքենայով տեղափոխվել աղբանոց: Հիմա այդ նույն գործողությունը կատարվում է բոլորովին այլ կերպ: Նշված փակ համակարգը գոյություն չունի, բայց գոյություն ունի միջանցքներից քանդված պատերի գետնախորշ, որտեղ  ուղղվում է  աղբը եւ 10-12 հարկ օդում սուրալով` վայրէջք կատարում շենքի առաջին հարկում: Սա, կարելի է ասել, բաց դռներով պատ է, որտեղ կուտակվում է 50-60 բնակարանի աղբը: Շքամուտքերում օրվա ցանկացած պահի կարելի է տեսնել տեղական արտադրության առնետների հսկայական բանակ, որոնք չարիք են դարձել շենքերի բնակիչների համար:



 



Օրինակ` Էստոնական փողոցի թիվ 12/1 12 հարկանի շենքի աղբահորի մոտ առնետների խմբաքանակն այնքան մեծ է, որ ծածկում է ողջ աղբակույտը: Իսկ այդ տեսակ շենքերը այդ տիպի աղբահանությամբ թե՛ Աջափնյակում, թե՛ մայրաքաղաքում բազմաթիվ են: Բնակիչների պատմելով` եղել են դեպքեր, երբ առնետները կրծել ու կտրել են էլեկտրական հոսանքի լարերը, հեռախոսալարերը, բացի դրանից, անարգել կարող են հայտնվել բնակարաններից ներս: Գերագույն զգոնության դեպքում էլ, պատմում են բնակիչները, առնետների մուտքը բնակարաններ անխուսափելի է: Սովորաբար այս տիպի շենքերի առաջին հարկերում տեղակայված են մթերային խանութներ, բացառված չէ առնետների մուտքը նաեւ խանութներից ներս: Ինչպես նշեցին բնակիչները, համաճարակը արկի  պես իրենք տեղադրել  են իրենց ոտքերի տակ: Ճիշտ է, կուտակված աղբը ժամանակին հեռացվում է, բնակիչները չեն դժգոհում աղբահանությունից, սակայն այն  նեխում է, առնետները մնում ու բազմանում են իրենց համար պարարտ միջավայրում ու վաղ թե ուշ անխուսափելիորեն տարածվում քաղաքով մեկ: Հետաքրքիր է, այս մասին տեղյա՞կ են թաղապետարանում ու քաղաքապետարանում, հակահամաճարակային կենտրոնում, թերեւս վերջինիս միջոցառումներն արդյունավետ չեն լինի, եթե թաղապետարանն ու քաղաքապետարանը շտապ  ու ճիշտ լուծում չտան այս խնդրին:



 



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ