Զերծ մնալ «Բինգո» խաբեբաների ծուղակից. ՊՆ-ի զգուշացումը

Զերծ մնալ «Բինգո» խաբեբաների ծուղակից. ՊՆ-ի զգուշացումը
ՀՀ  ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ:



«Աշնանային զորակոչին արդեն իսկ մի քանի հազար երիտասարդներ զորակոչվել ու նվիրական ծառայության են անցել ՀՀ զինված ուժերում: Պաշտպանության նախարարը հստակ պահանջ է առաջադրել բոլոր պատասխանատուներին խստագույնս պահպանելու օրինականության և արդարության սկզբունքները զորակոչի գործընթացում: Հետևողական քայլեր են արվում զորակոչից զորակոչ բացասական երևույթները չեզոքացնելու, անարդարության, հովանավորչության ու կաշառքի սողանցքները փակելու, շահադիտական նկրտումներից գործընթացը զերծ պահելու ուղղությամբ:



Հասարակական խորհուրդը տեղեկանում է փաստերի, որոնք վկայում են ինչպես ձեռնարկված միջոցառումների արդյունավետության, այնպես էլ հասարակության շրջանում դրանց դրական ընկալման մասին: Սակայն կան բախտախնդիրներ, ովքեր հանդիպելով փակ դռների  «գործ դասավորելու» սին խոստումներ են տալիս մարդկանց`խաղադրույք կատարելով պատահականության վրա, և եթե «բախտը ժպտում է»` փոխհատուցում են շորթում իրենց չարած գործի համար:



Ահա թե ինչու այս երևույթը կնքվել է «Բինգո» բնորոշ անունով: «Բինգո» մոլախոտը, լինի այն համակարգի ներսում, թե նրանից դուրս, իրականում հարցեր լուծելու ոչ մի լծակ չունի, այլ պարզապես սնվում է զարտուղի ճանապարհներ փնտրող մտայնությունից, ինչը, ցավոք, դեռևս կաղապարում է շատերի գիտակցությունը: Հասարակական խորհուրդը, զգուշացնելով խաբեբաների ծուղակն ընկնելու վտանգից, հորդորում է քաղաքացիներին բոլորի համար ընդհանուր, հավասար ու անխտրական սկզբունքի պահպանման մեջ փնտրել սեփական շահը:



Բարի ծառայություն ենք մաղթում մեր նորակոչիկներին: Աստված թող պահապան լինի հայոց բանակի բոլոր զինծառայողներին»: