Ֆրոստ

Ֆրոստ
«Ասել, թե բանաստեղծ եմ, նույնն է թե ասել լավ մարդ եմ», «Բանաստեղծությունը դա այն է, ինչը կորչում է թարգմանության մեջ», «Երեք բառով ես կարող եմ եզրահանգում անել, թե ինչ եմ սովորել կյանքի մասին. այն շարունակվում է»:



Ռոբերտ Ֆրոստ



 



Ամերիկացի մեծ բանաստեղծ Ռոբերտ Լի Ֆրոստը վաղ հասակից գրում էր բանաստեղծություններ ու աշխատում իր ֆերմայում: Նա միշտ էլ ֆերմեր մնաց՝ որպես բնության կիրքը փառաբանող ու մարդկային կյանքը բնությանը վերադարձնող երգիչ: Նրա բանաստեղծական հերոսը` նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է: Բրիչը ձեռքին, կոշտ թաթերով ֆրոստյան հողագործը արարչի օրհնությունն է, նույն ինքը՝ արարիչը, հանապազօրյա քրտինքն ու արյունը հունցող աշխատավորը:



 



Ֆրոստն ամուսնանում է իր դասընկերուհու հետ: Նրանց վեց երեխաներից երկուսը մահանում են փոքր հասակում: Երիտասարդ Ֆրոստի անձնական ողբերգությունները պեսիմիստական աշխարհայացք են ձեւավորում, որտեղ վաղուց պարտված ինդիվիդը շարունակում է ասկետիկ կեցությունը` վերապրելով անցյալը:



 



Ֆրոստին երկար ժամանակ չէին տպագրում: Ստիպված՝ նա վաճառում է ֆերման, տեղափոխվելով Լոնդոն: Էզրա Փաունդի օգնությամբ հրատարակվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «A Boy’s Will»: Առաջին աշխարհամարտի նախօրեին Ֆրոստը վերադառնում է Նյու Հեմփշիր, գնում նոր ֆերմա: Ռոբերտ Ֆրոստը չորս անգամ արժանանում է Պուլիտցերյան մրցանակի: ԱՄՆ-ում նա մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում: Մի քանի նախագահի, այդ թվում նաեւ Ջոն Քենեդու երդմնակալության օրը նա իր խոսքն էր հղում նախագահին ու ամերիկյան ժողովրդին, կարդում էր բանաստեղծություն:



 



Այցելելով Խորհրդային Միություն՝ Ֆրոստը հանդիպում է Աննա Ախմատովային: Միմյանց համար նրանք ընթերցում են բանաստեղծություններ:



 



Բրոդսկին, որ մի քանի էսսեներ է նվիրել նրան, ինչպես նաեւ Նաբոկովը եւ ուրիշներ Ֆրոստին համարում են 20-րդ դարի խոշոր մտածողներից մեկը: