Մտահոգված են Հայաստանում արդարադատության իրականացմամբ

Մտահոգված են Հայաստանում արդարադատության իրականացմամբ
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիր են տարածել, որում իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։ Ամփոփագիրն ուղարկվել է ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին։



Նրանց գնահատմամբ՝  արդարադատության ոլորտում  բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Ամփոփագրում նշված են հիմնականում վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ և վատ վերաբերմունք, քաղաքական բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ:



«Մեր կազմակերպությունները խորապես մտահոգված են Հայաստանում իրավապահ մարմինների կողմից կամ վերջիններիս հովանու ներքո կատարված հանցագործությունների անպատժելիության` առաջին հայացքից ավելի ու ավելի տարածվող մշակույթի կապակցությամբ»,– նշում են FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն՝ առաջարկելով քայլեր ձեռնարկել թե՛ ներպետական օրենսդրությունը և թե՛ պրակտիկան միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ուղղությամբ: