Երուսաղեմում ունեցած մեր ժառանգությունը ամբողջ հայությանն է

Երուսաղեմում ունեցած մեր ժառանգությունը ամբողջ հայությանն է
Հունվարի 24-25-ին Երուսաղեմում կայանալիք Հայոց պատրիարքի ընտրություներում դեռեւս չորս թեկնածու է առաջադրվել՝ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այվազյանը եւ Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը:






Վերջինս առաջադրված թեկնածուներից ամենաերիտասարդն է, 1989-ին եղել է Ամերիկայի Արեւելյան Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Թորգոմ արք. Մանուկյանի խորհրդականը, Պաշտոնական գործառույթները ԱՄՆ Արեւելյան թեմի նախորդ եւ ներկա Առաջնորդների ներկայացուցիչ՝ ԱՄՆ իշխանությունների առջեւ, Միացյալ Ազգերի Կազմակերպության Ամերիկայի եկեղեցիների Ազգային Խորհրդում Երուսաղեմի Հայ Պատրիարքարանի իրավական հարցերի խորհրդատու:


Տեր Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանը այս օրերին Հայաստանում է եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ համաձայն իրենց կանոնադրության՝ պատրիարք կարող է նշանակվել 35 տարին լրացած` վարդապետը, որն անպայման պետք է լինի Երուսաղեմի միաբանության անդամ, պատրիարաքին պետք է ընտրեն միաբանության 34 անդամները: Հայր Բաբկենը ներկայացրեց մի շարք ծրագրեր եւ խնդիրներ, որոնց լուծմանը ձեռնամուխ կլինի, երբ ընտրվի պատրիարք: «Ամենից առաջ պետք է տեղի ունենա հոգեւոր զարթոնք, որը կարեւոր է ոչ միայն եկեղեցականների այլեւ աշխարհականների համար, ինչպես նաեւ պետք է կատարվեն մի շարք վերականգնողական աշխատանքներ` հատկապես ընծայարանի շենքը, Սրբոց Հակոբյանց վանքը, որի պատերը խոնավությունից ուռել են, ինչպես նաեւ ձեռագրապահոցը, որտեղ պավում են 4000 ձեռագիր մատյաններ, որոնք պահպանման կարիք ունեն»,-ասաց Հայր Բաբկենը: Ըստ նրա, Երուսաղեմի «Ժառանգավորաց» վարժարանում պետք է բարձրացվի ուսումնական մակարդակը:



 



Խոսելով Երուսաղեմի հայկական տարածքների պահպանման մասին Հայր Բաբկենը նշեց, որ Երուսաղեմում հայ հոգեւորականներն ունեն «զինվորյալ» ածականը. «Նրանք պարտավոր են կյանքի գնով պահպանել մեր տարածքները»: Ըստ վարդապետի, Հայաստանը պետք է դառնա Երուսաղեմի հայկական պատրիարաքության անբաժանելի մասը. Երուսաղեմում ունեցած մեր ժառանգությունը ամբողջ հայությանն է:



 



Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ