Պաշտպանի առաջարկները հարկային ոլորտի մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ

Պաշտպանի առաջարկները հարկային ոլորտի մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավորներին ներկայացրել է հարկային ոլորտի 16 օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը։



Առաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի նախագծերի բարեփոխման մի շարք  առաջարկներ, մասնավորապես՝  օրենքի նախագծում հստակեցնել, որ հարկային մարմինը գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանի որոշմամբ, իսկ անհետաձգելի դեպքերում կարող է կիրառել արգելանք, սակայն  24  ժամվա ընթացքում պարտավոր է իր կողմից կայացրած որոշումը ներկայացնել դատարան:



 



Շատ կարևոր է նաև երկարաձգել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները` 2013թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով պաշտոնական հրապարակումից հետո 30-օրյա ժամկետ, քանի որ հարկատուների համար նոր պարտավորություններ սահմանելիս հարկավոր է նախատեսել դրանք արդյունավետ իրականացնելու ողջամիտ ժամկետներ:



 



Անհրաժեշտ ենք գտնում նաև օրենքի նախագծում նախատեսել այն հանգամանքը, որ հարկային մարմնի աշխատակիցները ստուգման նպատակով կարող են վերցնել իրեր կամ անհրաժեշտ այլ նյութեր միայն այն դեպքերում, երբ ստուգման ընթացքում առաջանում է հիմնավոր կասկած, որ անձը թույլ է տվել խախտում, և այդ իրը կարող է էական նշանակություն ունենալ ստուգումների իրականացման համար:



 



Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկություններին: