Հեռուստաընկերությունները «տակից» վարկաբեկում են ընդդիմադիրներին

Հեռուստաընկերությունները «տակից» վարկաբեկում են ընդդիմադիրներին
Հեռուստատեսային լրատվական ծրագրերը նախընտրական շրջանում սովորաբար կոշտ մոնիտորինգի տակ են աշխատում՝ օբյեկտիվության եւ թեկնածուների ծրագրերի համակողմանի ու հավասարակշռված լուսաբանման պատրանք ստեղծելով: Հեռուստաաշխարհին մոտ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հեռուստաընկերությունները մոնիտորինգներին խաբելու եւ ընդդիմադիր  գործիչներին «տակից» վարկաբեկելու, «կադրով փչացնելու» ներքին կանոնակարգեր են մշակել այս տարիներին: Օրինակ,  Հրանտ Բագրատյանի ելույթները եթեր են հեռարձակվում անձայն՝ հիմնականում համր կադրերով, որտեղ նա բուռն ժեստեր է անում, ինչն առանց խոսքի առնվազն ծիծաղելի է եւ անլուրջ, հիստերիկ մարդու տպավորություն ստեղծող: Իսկ, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի դեպքում, հակառակը, ներկայացվում է խոսքը՝ հատկապես այն հատվածները, որտեղ նա խոսում է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարի, օրինականության հաստատման մասին: Ենթադրվում է, որ շատերն են հիշում նրա՝ ռեժիմի մաս կազմելու, զինդատախազ աշխատելու եւ տարբեր անօրինականությունների մասնակիցը լինելու տարիները: Նայողն ամենաքիչը մտածում է՝ ահա հերթական սոփեստը, որը մոռացել է սեփական անօրինականությունները եւ խոսում է ուրիշների մասին: