Դեկտեմբերի 18, 11:00 Իջևանում կշարունակվի Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը

Դեկտեմբերի 18, 11:00 Իջևանում կշարունակվի Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավության դատարանում դեկտեմբերի 18, 11.00 կշարունակվի 31-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է լրացուցիչ ապացույցների հետազոտման փուլում:



 



Վերջին ամսվա ընթացքում դատավորը եզակի դեպքերում է միջնորդությունները քննում խորհրդակցական սենյակում: Մեծ մասամբ նա տեղում որոշում է հետաձգել միջնորդության քննությունը եւ այն հաշվի առնել խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս, կամ էլ միանգամից մերժում է: Դրանից տպավորություն է ստեղծվում, որ դատարանը, փոխանակ դեպքի իրական հանգամանքները բացահայտելուն ուղղված քայլեր անելու, շտապում է եղած թերի քննությունը հնարավորինս շուտ ամփոփել դատավճռում:

14.11.2012թ. եւ 05.12.2012թ. նիստերում դատարանը հարցաքննեց դատաբժիշկ Վիգեն Ադամյանին: Քանի որ իր մի քանի հայտարարությունով նա հերքեց իր իսկ փորձագիտական եզրակացության արդյունքները, դատարանում աղմուկ բարձրացավ: Օգտվելով ընդմիջումից՝ նա հեռացավ դահլիճից մի քանի հարցերի պատասխանելուց հետո, եւ դիմում թողեց, թե «չի կարող աշխատել այսպիսի պայմաններում» եւ մնացած հարցերին կպատասխանի գրավոր: Եվս երկու անգամ նմանատիպ գրություններով խուսափելով դատարան ներկայանալ՝ ի վերջո նա ներկայացավ 05.12.2012թ. նիստին, որտեղ հայտարարեց, որ Նազարյանի ստամոքսը ոչ միայն դատարկ էր, այլեւ որեւէ ուտելիքի հետք չկար, ինչը նշանակում է, որ Նազարյանը ոչինչ չէր կերել, այլապես նույնիսկ փսխումից հետո հետքեր կմնային: Սրա հիման վրա տուժող կողմը միջնորդեց քրեական հետապնդման ենթարկել վկա Արման Մնացականյանին, որը դատարանում պնդել էր, թե ինքը կերակրել է նազարյանին, վերջինս նախաճաշել է, զենքը վերցրել ու գնացել հենակետեր: Դատարանը մերժեց այս միջնորդությունը:

Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տե՛ս մամուլում Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի 28.09.2011թ. բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):

Նախաքննությունն ավարտվել է դեպքից ուղիղ մեկ տարի հետո եւ դատարան է մտել 2011թ. օգոստոսի վերջին: Նիստերը սկսբում ընթանում էին Տավուշի մարզի Բերդ քաղաքում, այնուհետեւ Երեւանում, իսկ 2012-ի հունվարից՝ Տավուշի մարզկենտրոն Իջեւանում:

Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա ավարտել է ծառայությունն ու ազատության մեջ է:

Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում են զինվորական դատախազներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը:

Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան (Հելսինկյան ասոցիացիա) Ռուբեն Մարտիրոսյանը: