Ռոթ

Ռոթ
Ամերիկյան գրականության «վերջին» մեծ գրողներից մեկի՝ Ֆիլիպ Ռոթի «Հրեաների դավանափոխությունը» պատմվածքը նրա առաջին գործերից էր, որ մեծ աղմուկ բարձրացրեց եւ սուր քննադատության արժանացավ հրեա կրոնականների կողմից: Պատմվածքն ընդգրկված է  նրա առաջին գրքի` «Ցտեսություն, Կոլումբոսի» մեջ:



 



Պատմվածքի հերոսը՝ փոքրիկ Օզին, վառվում է հետաքրքրասիրությունից ու չի վախենում իր հարցերով անակնկալի բերել ուսուցիչ ռաբբի Բայնդըրին, ով ասում է` «Հիսուսն իրականում եղել է, բայց ոչ ինչպես Աստված, եւ մենք չենք հավատում, որ նա Աստված է»: Սակայն Օզին Աստծո եւ Հիսուսի մասին ունի սեփական մտածմունքն ու պատկերը, որն անկեղծ է ու մի փոքր էլ միամիտ: Աստծո ընկալման հարցում նրան այդքան էլ չեն բավարարում կրոնական դոգմաները, բոլոր այն կասկածելի տարբերություններն ու նմանությունները, որ կան կաթոլիկների ու հրեաների միջեւ: Եվ հանկարծ Օզին դասաժամին ապստամբում է:



 



Ըմբոստության համար մոր եւ հիմա էլ ռաբբիի կողմից ապտակների արժանացած տղան չի ներում նրանց եւ ընդվզում է` բարձրանալով դպրոցի տանիք` մոտ երկնքին: Օզին բարձրանում է` դառնալու այն Աստվածը, որին մերժելու համար նվաստացուցիչ պատժի էր արժանացել: Նա հույս ունի ստանալ իր հարցերի պատասխանները: Ներքում խմբված մարդկանց, մորը, հուսահատ ռաբբի Բայնդըրին ու ցանց ձգած հրշեջներին տղան համառորեն սպառնում է, որ տանիքից ցած կնետվի, եթե նրանք ներողություն չխնդրեն իրենից, նույն Աստծո անունից ապտակելու համար:



 



Ռոթի պատմվածքը մարդկային ջերմ ու պրպտուն հետաքրքրասիրության, հավերժական հարցերն ինտուիտիվ ըմբռնելու եւ համարձակորեն այդ հարցերի պատասխանները սրընթաց ու հակասական գործողությամբ ի ցույց դնելու պատմություն է: «Իմ հրեականությունն ավելի շուտ մշակութային է, դա իմ արմատն է. Աշխարհ, որտեղից ես սերվում եմ: Բայց ես աթեիստ եմ, այնպես, որ կրոնական մասմ ինձ բնավ չի հետաքրքրում»,- ասում է Ռոթը:



 



Մոտ մեկ ամիս առաջ նշանավոր արձակագիրը հրապարակավ հրաժեշտ տվեց գրականությանը` նշելով, որ իր կողմից գործն արված է՝ 31 վեպ, բազմաթիվ էսսեներ եւ պատմվածքներ: «Ես այլեւս չունեմ այն կամքը: Ամեն օր գրել հինգ էջ, հետո պատռել եւ հաջորդ օրը կրկնել նույնը: Ես չեմ կարող տանել այդ հիասթափությունն ու ստորացումը»: Ռոթի հրաժեշտն առայսօր ակտիվ քննարկվում է գրականության աշխարհում: