Երվանդ Շահազիզ. «Հին Երեւանը»

Երվանդ Շահազիզ. «Հին Երեւանը»
Այս քաղաքը ստիպված էր ապրել միայնակ եւ անշարժ, որպեսզի պատմության մեջ ավելի լավ դրոշմվեր:



Իտալո Կալվինո,



«Անտեսանելի քաղաքներ»



 



Պատմությունն սկսվում է այն ժամանակ, երբ հիշողություններն առանց հրավերի կազմակերպում են սեփական կյանքն ու տեսիլքները: Քաղաքի պատմությունը գրվում է յուրաքանչյուր բնակչի մեջ, փոխանցվում հաջորդին: Պապս պատմում էր իր ժամանակի Երեւանի մասին, եւ այդ ուրիշ քաղաք էր: Համերն ու հոտերը, ձայներն ու զգացողությունները, նրբանցքների ստվերներն ու թաղերի խաղողի վազերը: Հայրիկը պատմում է քաղաքի մասին, որն ուրիշ է թվում: Անցյալը պիտի երեւակայել, որ հին քաղաքի ձայնը լսվի: Երեւանն ասես չարաճճի խաղի է բռնվում ժամանակի ու տարածության մեջ հարմարված բնակիչների հետ՝ փոխելով հիշողության բաղադրությունը:



 



Եվ յուրաքանչյուր լույս աշխարհ եկած բնակիչ նոր քաղաք է արարում: Միայն ժամանակի ընթացքում է, որ կազմավորված գիտակցությունը նաեւ ենթագիտակցաբար հանկարծ գտնում է դեպի անցյալ տանող հին ճանապարհի հունը, որտեղից սկիզբ է առնում զարմանալի մի ուղեւորություն: Ով ծանոթ է Երվանդ Շահազիզի «Հին Երեւանը» գրքին՝ գրված 1931 թվականին, Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի հանձնարարությամբ, ապա վերահրատարակված 2003 թվականին «Մուղնի» հրատարակչության կողմից, գուցե գտել է հին քաղաք տանող այդ անորսալի ակոսներից մեկը: «Հին Երեւանը» գրքի վերահրատարակության նախաբանում Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճեանը գրում է. «Այս հատորը էապես վերահրատարակությունն է 1931թվականի անդրանիկ հրատարակության: Բայց զգալի թվով լուսանկարներ ավելացված են, եւ նախկին 31-ի փոխարեն զետեղված են 115-120 լուսանկարներ»:  Գրքի անպաճույճ կազմի վրա հին Երեւանի մի պատկեր է, ձախ կողմում՝ կեղծամով տղամարդու նկար: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն է, որ 1673 թվականին մի քանի օր եղել է Երեւանում եւ գրի առել տպավորությունները:



 



Եվ բացվում է գիրքը, որտեղ պարբերություն առ պարբերություն, գլուխ առ գլուխ, պատմություններով, լեգենդներով, փաստագրական տեղեկություններով, միջնադարյան  տեքստերով եւ ճանապարհորդների ուղեգրական տվյալներով հարուստ բնագիրը պատկերում է հին Երեւանի կյանքը՝ սկսելով նրա անվան ծագումից մինչեւ մտավոր կեցությունը: Էջերում զետեղված լուսանկարները, գրաֆիկաները, Երեւանն իշխած խաների ուշագրավ պատկերները, հատակագծերը, փաստաթղթերը, այգիները, կամուրջները, բոլոր, բոլոր մասունքները վերջնականապես կենդանացնում են հին քաղաքի էքսպրեսիան: 14 անգամ ձեռքից ձեռք անցած Երեւանում իշխում են փեշքեշ հավաքող խաներ, ովքեր նոր այգիներն ու զով պարտեզները ոռոգելու համար սրի են քաշում կորած ջրանցքի ակն անհույս փնտրող արհեստավորներին:



 



Նրանք ամառվա տապին հանգստանում են Երեւանի մերձակայքում տնկված դրախտ-այգիներում, որոնք ողողվում են գետերով: Փոքր կղզյակները միմյանց են կապում շարժական կամուրջները: «Մոծակ» մականունով մի երեւանցու, ի վերջո, հաջողվում է խմելու մաքուր ջուր բերել: Գիշերները հին Երեւանի բնակիչները ստիպված են պաշտպանվել տեղի խուժանների «լոթի-փոթիների» հարձակումներից: Երվանդ Շահազիզի «Հին Երեւանը» վերապատմելու գայթակղությունը մեծ է, բայց անհնարին, որովհետեւ քաղաքի կյանքում բաց թողնված պատմական կարեւոր եւ առավել եւս «անկարեւոր թվացող» մի ակնթարթ խախտում է միֆի ներդաշնակությունը, իսկ հին Երեւանը միֆ է, որ ամեն ակնթարթ պատրաստ է այցի գալու: Դրանում կարող եք համոզվել ինքներդ՝ բացելով Շահազիզի գիրքը: