Ամանորյա մարտական պատրաստությունից հետո ուղի՜ղ ընտրական պատերազմ…

Ամանորյա մարտական պատրաստությունից հետո ուղի՜ղ ընտրական պատերազմ…
Ամանորյա թոհուբոհը նման էր պատերազմի. խոշոր վաճառակետերը զենք էին բաժանում սայլակների տեսքով եւ յուրաքանչյուրն իր «տանկով» գրոհում էր պոտենցիալ «թշնամու» վրա:  Բեռնված սայլակները տնքում էին ծանրությունից, ասես ոսոխի ավարն էին թալանում…



 



Իր գնած խոզի բդի քաշի մի տիկին՝ իրեն հասանելիք զրահատեխնիկայով համարյա մի փոքրիկ կրպակի չափ ուտելիք էր տեղափոխում:  Նրան  ճանաչում էի որպես նվազ ապահովված, ուստի հարցրի՝ աշխարհի վե՞րջն է, կյանքը շարունակվելու է, մի քիչ էլ խնայիր հետոյի համար… Պարծեցավ՝ տղաս է փողն ուղարկել, ասել է՝ լրիվ կծախսես… Ես այդ մեկին էի ճանաչում, բայց նրա նման հազարավորները դրսից ուղարկված փողերը լցնում էին մի քանի սուպերմարկետների ստամոքսը, որոնք առաձգական լինելով, բացվում ու խժռում են  Հայաստանի ողջ տոնական «էնզեն»: Այս ֆոնին վարչապետի ասածն այնքան էլ անհամոզիչ չի թվում, որ 2012 թվականի տնտեսական աճն աննախադեպ է: Ուղղակի դրախտ է Հայաստանում. տնտեսական վերելք, աշխատատեղերի բացում ու վերաբացում, հարկային բարեփոխումներ, կոռուպցիայի նվազում…



 



Քիչ է մնում, որ պաշտոնական տվյալներին էլ չհավատաս, որ աղքատությունը Հայաստանում կազմում է 35 տոկոս: Հիմա որ վարչապետն ասի. «Ի՜նչ աղքատության մասին է խոսքը, մտեք սուպերմարկետներ, տեսեք, թե ինչպես են գերծանր քաշային սայլերը կռվում իրար հետ, տեսեք, ինչ թալան ու ավեր է, բուդային մենամարտ, հնդկահավերի կատարային պատերազմ… Մի՞թե սա աղքատ երկրի վիճակ է. ում դուռը բացում, կամ բուդն են աչքդ խոթում կամ խոճկորն ու հնդկահավը…»:  «Մեզ պահողը Ռուսաստանն ու Ամերիկան են,- ցանկացած տոնական առեւտուր անող այսպես է մեկնաբանում:- Մեր երեխեքը «չլվում», փող են աշխատում, որ ուղարկեն մեզ ու պարզերես անեն վարչապետի երեսը, ու ինքը տնտեսական լիուբոլ թվեր նկարել տա: - Եթե անցած տնտեսական տարին 7-8 տոկոսի աճ է ունեցել, ինչու՞ աղքատության պաշտոնական տվյալները նույնն են մնում: «Էդ աճած» տնտեսությունն ու՞մ գրպանն է մտնում: Տա Աստված, որ դրսի տնտեսությունը զարգանա, որ մեր երեխեքը աշխատատեղ ունենան ու մեզ փող ուղարկեն, թե չէ Հայաստանի տնտեսության զարգացումից բան չենք հասկանում…»:



 



Մեկ-մեկ ինձ թվում է, թե մեր կառավարությունը տնտեսական ցուցանիշները հրապարակելուց հաշվի է առնում Ամերիկայի կամ Ռուսաստանի ցուցանիշները, թե չէ ինչպես հասկանալ՝ տնտեսությունը վերելք է ապրում, բայց աղքատության ցուցանիշը նույնն է մնում… Մնում է ուշքի գալ Ամանորյա լավատեսական սեղաններից ու անցնել սովորական մակարոնային ու կարտոֆիլային տնտեսակերպի: Նախագահական ընտրությունների գնալ ոչ թե տասնօրյա ուտուշ-խմուշի կտրվածքով, այլ տարվա, ընտրական շրջանի կտրվածքով: Ամանորյա մարտական պատրաստությունից  հետո ուղի՜ղ ընտրական պատերազմի գնալ…



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ