Ոստիկանության երկու օպերլիազորների ձերբակալել են

Ոստիկանության երկու օպերլիազորների ձերբակալել են
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր մտահոգությունն է հայտնում անցած տարվա վերջին տեղի  ունեցած  դեպքի վերաբերյալ,  որը  ցնցեց  ողջ իրավապահ համակարգը:  Հանցագործի եւ թմրամոլի  հարուստ  կենսագրություն ունեցող   ոմն Ռուբեն Հովսեփյանը, որը 28 տարին դեռ չբոլորած,  արդեն հասցրել է դատապարտվել  յոթ անգամ  ՀՀ  քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, ցուցմունք է տվել, ըստ որի  իբր նրան ծեծել են  բաժին բերելիս:



 



Այդ ցուցմունքի  արդյունքում Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոն  բաժանմունքի երկու օպերլիազորների՝ Խաչիկ Բախբուդարյանին եւ Արտակ Բարսեղյանին ձերբակալել են:



 



Մեզ հասած տեղեկության համաձայն Ռ. Հովսեփյանը ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել բնակարանային  գողություն կատարելու կասկածանքով եւ բաժնում պատմել է  Երեւան քաղաքում  իր կողմից կատարված    բնակարանային գողության ութ դեպքերի մասին: Ի դեպ, բերման ենթարկելուց հետո, ոստիկանության  բաժնի կողմից մարդու  իրավունքների գրասենյակից հրավիրվել են  երեք ներկայացուցիչներ, որոնց  մոտ Ռ. Հեվսեփյանը պնդել է, որ ամեն ինչ կարգին է, իրեն  չեն խոշտանգել եւ որ իր կողմից նշված բնակարանային գողության դեպքերը  կատարել է ինքը, իսկ հետագայում պնդել է,  իբր նրան ծեծել են   կենտրոնականի բաժին բերելիս:  Սակայն  բաժին  բերման ենթարկվելուց  մեկ ժամ  առաջ, Ռ. Հովսեփյանն իր  ընկերների հետ,  թմրանյութի  եւ  ալկոհոլի  ազդեցության տակ  վիճաբանել են, որի ժամանակ  տեղի է ունեցել  ծեծկռտուք: Այս ամենը նկարահանվել է,  ոստիկանության  աշխատակիցներն իրենց  ցուցմունքներով  պնդում են, որ  Ռ.Հովսեփյանը  մարմնական վնասվածքներն  ստացել է հենց իր ընկերների հետ վիճաբանության  ժամանակ,   սակայն քննչական  խումբը արժանահավատ չի համարում  պետությունը ներկայացնող  ոստիկանության  մեկ տասնյակից    ավել աշխատակիցների  ցուցմունքները,  այլ  հաշվի  է  առնում յոթ անգամ  գողության համար դատապարտված թմրամոլ  հանցագործի կողմից տրված ցուցմունքը:



 



Կենտրոնի բաժանմունքի օպերլիազոր՝ Խաչիկ Բախբուդարյանը Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի փոխնախագահն է: Նրա  ակտիվ աշխատանքի շնորհիվ վերջին երկու տարիներին   ձյուդոյի  առաջնություններն ու մրցաշարերն անցկացվում են ավելի բարձր մակարդակով, որի համար բազմիցս արժանացել է շնորհակալագրերի:   Խաչիկ Բախբուդարյանը   մշտապես առանձնացել է մարդկային բարձր որակներով, հարգալից վերաբերմունքով շրջապատի նկատմամբ, կոռեկտ վարվելակերպով, ուշադրությամբ, հոգատարությամբ, զուսպ եւ  հավասարակշիռ բնավորությամբ: Խաչիկ Բախբուդարյանը եղել է ՀՀ առաջնությունների հաղթող, մրցանակակիր, երկար տարիներ ՀՀ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ բարձր պահել  հայրենիքի սպորտային պատիվը, մի քանի անգամ դարձել է ոստիկանության  համակարգի   աշխատողների  ձյուդոյի  առաջնության հաղթող:



 



Ինչքանո՞վ է իրավաչափ կատարված  քննությունը,  կա՞ արդյոք նշված գործում անձնական դրդապաճառ եւ ով է կանգնած թմրամոլ հանցագործի թիկունքում, ինչո՞ւ է արատավորվում ոստիկանի  բարի համբավը:



 



Խնդրում ենք մեկ անգամ եւս բոլորս  միասին փորձենք գտնել այս բազմաթիվ «ինչուների» պատասխանները եւ թույլ չտանք, որ  ոստիկանի  անունն ու  արժանապատվությունը  նվաստացնող արատավոր այս երեւույթը դառնա նախադեպ: