Պատասխան «անհայտ» լրագրողի՝ անհայտ ծագման մտորումներին

Պատասխան «անհայտ» լրագրողի՝ անհայտ ծագման մտորումներին
Շոյված եմ եւ մեծագույն պատիվ եմ համարում (միաժամանակ ենթադրելով, որ մեր երկրում ամեն ինչ այնքան լավ է, եւ թեմաները՝ սպառիչ), որ լրատվամիջոցները կրկին կենտրոնացել են իմ անձի շուրջ. միեւնույն ժամանակահատվածում երկու լրատվամիջոց` «1in.am» լրատվականը եւ «Ժամանակ» օրաթերթը նույն հրապարակմամբ են հանդես եկել եւ երկուսն էլ ունեն տառացիորեն նույն բովանդակությունը:



 



Այնուհետեւ մի շարք լրատվամիջոցներ արտատպել են սույն հրապարակումը` հղում կատարելով վերը նշված երկու լրատվամիջոցներին` որպես մամուլի տեսության ուշագրավ հատված:



 



Բանն այն է, որ լրագրողի երեւակայությունը եւ երկար տարիների աշխատանքային փորձիս էությունը ոչ միայն չեն համընկնում, այլ նաեւ մարազմի հասնող կեղծ տարրեր են պարունակում:



 



Անդրադառնալով «Ժամանակ» օրաթերթի «Բիզնեսմեն Մազը» հրապարակմանը՝ կցանականամ պարզապես օգնած լինել հնարամիտ լրագրողին որոշ արտահայտություններ ավելի հստակ ձեւակերպելու եւ այլեւայլությունների մեջ չընկնելու համար:



 



Մասնավոր բիզնեսով ստիպված զբաղվել եմ դեռ 1990-ական թվականներից, որի միջոցով ստեղծել եւ պահել եմ «Գոյ» փորձարարական թատրոնը, ավելին՝ «Ֆեստա տուր ավիա» ընկերության համասեփականատեր եղել եմ ավելի վաղ, քան ստանձնել եմ ռեկտորի պաշտոնը:



 



Ինչ վերաբերում է այն եզրահանգմանը, թե «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը ինքնաթիռ է վարձակալել Երեւան-Հռոմ չվերթներ իրականացնելու համար, ապա հիասթափեցնեմ մեծ երեւակայություն ունեցող լրագրողին եւ նշեմ, որ արդեն 4 տարի է՝ (ի դեպ՝ ռեկտորի պաշտոնը ստանձնել եմ ընդամենը 2 տարի առաջ) «Ֆեստա տուր ավիա» ընկերությունը իրականացնում է թռիչքներ, ընդ որում՝ ընկերությունը գործառույթներն իրականացնում է բացառապես մասնավոր բանկերի վարկային ռեսուրսներով:



 



«Ամեն տեսակ ընդդիմությանն ատող» արտահայտության հեղինակ-լրագրողն արդեն իսկ չի կարող, կարծում եմ, բացատրել իր իսկ կողմից գրված արտահայտության իմաստը, եւ անգրագիտության շղարշը ցրելու համար պարզապես նշեմ՝ ՀՀՇ-ի (այժմ` ՀԱԿ) նկատմամբ իմ վերաբերմունքը 1991թ.-ից սկսած չի փոխվել, իսկ ես ունեմ հստակ գաղափարախոսություն, որը անհատի եւ համակարգի գոյությամբ պայմանավորված չէ:



 



Պատասխան ունի նաեւ լրագրողի հաջորդ՝ «Սերժ Սարգսյանին պարբերաբար սատարող ռեկտոր Արմեն Մազմանյան» արտահայտությունը. ներկայիս նախագահի հանդեպ համակրանք տածում եմ կրկին 1990թ.-ականներից սկսած, երբ վերջինս ստեղծում եւ ղեկավարում էր բանակը:



 



Ասել է թե իմ հայացքները 20 տարուց ավելի է չեն փոխվում, ինչը ցանկանում եմ բոլորին, իսկ ընկերներս, ովքեր տարբեր քաղաքական հայացքներ ունեն եւ դաշտում տարբեր դիրքեր են զբաղեցնում, ինձ համար շարունակում են մնալ ընկերներ:



 



Հ.Գ. Քաղաքական հայացքների եւ կողմնորոշման հարցում մշտապես կանգնած եմ նրանց կողքին, ովքեր ունեն հստակ ազգային, լիբերալ-պահպանողական ծրագրեր՝ անկախ այն հանգամանքից՝ վերջիններս ընդդիմադիր են, թե ոչ:



ԵԹԿՊԻ ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր՝ Արմեն Մազմանյան