Արաբական գարունը vs հայկականի

Արաբական գարունը vs հայկականի
Մոտեցող գարունը իր հարցադրումն  է պարտադրում՝ ինչպես դիմավորել այն՝ արաբների պե՞ս, թե՞ հայավարի: Կասեք՝ դեռ ձմեռ է, բայց չէ՞ որ մենք ամեն բանի մասին նախօրոք հոգալ սիրող ժողովուրդ ենք:



 



Անտիկ փիլիսոփան մի բան գիտեր, երբ ասում էր՝ամեն բանի կասկածում եմ,որովհետեւ իմ գիտելիքի սահմանը անհայտի հետ մեծ է: Սոկրատեսի՝ «միայն այն գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»-ի ճոխ դիզայնով տեսակն է:



 



Իմա՝ ես էլ եմ կասկածանքների մեջ, բայց որքան հասկացել եմ, ամեն բանի դիմաց մարդ վճարում է: Մեղավոր բնույթի մաքրվելու դիմաց վճարում է տառապանքով ու մահվամբ.մարդկային էության մեջ կատարված ամեն դրական փոփոխություն տառապանքն է կատարում՝ հոգու մեջ փորելով մինչ այդ անգո ակոսներ, որ դրանք մարդկության հանդեպ կարեկցանքով լցնի: Ապրուստ վաստակելու դիմաց վճարում ես չարքաշ աշխատանքով, գոյություն ունենալու դիմաց՝ կրկին տառապելով, մաքուր օդ շնչելու դիմաց՝ մրսելով, մուշտակի դիմաց՝ փողով, հացի դիմաց՝ էլի փողով: Բայց այս կյանքի առեւտրային բնույթը տանելի է դառնում, միայն երբ վճարելով՝ ինչ-որ բան, այնուամենայնիվ, գնում ես: Ասածս էն է, ժողովուրդ, որ քո լուռ տառապանքով դու երկրիդ խաղաղությունն ես գնում: Խաղաղությունը փոխանակում ես աղքատությամբ, հացի ու ջերմության պակասով, ճաքճքած պատերի ներսում գցված ճոխ սեղաններով, երբ ճոխ սեղանը կարող էիր ճոխ պատերի ներսում գցել, բայց՝ առանց որդուդ կամ ամուսնուդ: Կամ հորդ: Որովհետեւ բարեկեցության դիմաց վճարում են հարազատների կորստով:



 



Երկու տարբերակ ունես՝ կարող ես  ցրտից դողալ, սովից զկռտալ, բայց դողալ ու զկռտալ խաղաղությամբ: Կամ կարող ես գարունն արաբական ձեւով տոնել: Ընտրությունը քոնն է, ժողովուրդ:



 



Գլոբալիզացիան, համացանցը իշխանությունների համար առաջին թշնամին է: Այն աշխարհի բոլր իշխանություններից խլեց մասսաներին անգիտության մեջ պահելու հզոր զենքը: Առաջ դու ընտրություն չունեիր. գլոբալիզացիան ընտրության իրավունք շնորհեց քեզ՝ կռվել, թե հաշտվել.միայն թե պիտի նժարի վրա լա՜վ կշռես ապրանքի գինն ու արժանիքները:



Հը՞, հիմա ո՞նց ենք տոնում գարունը՝ ա լյա Արաբիա՞, թե՞ հայավարի:



 



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ