Մարզպետների համար փետրվարի 18-ը ճակատագրակա՞ն է լինելու

Մարզպետների համար փետրվարի 18-ը ճակատագրակա՞ն է լինելու
Թեեւ այս նախագահական ընտրություններում մրցակցությունը թույլ է ու անհավասար, չկան ուժեղ ընդդիմադիր թեկնածուներ, եւ կանխատեսելի է արդյունքը, սակայն սա դեռ չի նշանակում, որ ռեժիմի սպասարկուներն անելիք չունեն: Գործող նախագահի օգտին աշխատող մեխանիզմները գործի են դրվել, սակայն մարզային իշխանություններին առայժմ չի հաջողվում սառույցը կոտրել ու անտարբեր հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել գործընթացների նկատմամբ:



 



Եթե նախկինում այդ աժիոտաժը սկսվում էր ընտրակաշառքի ցուցակները կազմելուն զուգահեռ, բայց այս տարի այդ գործընթացն ուշանում է: Քաղաքակիրթ աշխարհին պետք է ապացուցեն, որ «արդար» ընտրություններ են կազմակերպել: Սակայն ցուցակների թեման փակված չէ, դրա անհրաժեշտությունը կախված կլինի քարոզարշավի վերջին օրերի ընթացքից, երբ պարզ կլինի  ընտրողների տրամադրությունը: Թե ինչ մեթոդներ են գործի դնում հանրությանն ընտրատեղամաս տանելու ու Սերժ Սարգսյանի օգտին քվե ապահովելու գործում, փորձեցինք պարզել մարզպետներից: Նրանց  մի մասը գերզբաղված էր, հատկապես Շիրակի, Տավուշի եւ Կոտայքի մարզպետները: Զրուցեցինք Լոռու եւ Արարատի ղեկավարների հետ:



 



Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկ մականունով, ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն է ու առանց Սերժ Սարգսյանի այցի էլ արդեն ընկել է գյուղեգյուղ:



 



- Պարոն Բարսեղյան, ի՞նչ եք անում, որպեսզի ակտիվ մասնակցություն ապահովեք:



 



- Եթե կասկածում եք ակտիվությանը, եկեք քարոզարշավին մասնակցեք՝ կտեսնեք:



 



- Ո՞ր թեկնածուին են հակված Ձեր մարզում:



 



- Բնական ա, ես Հանրապետական կուսակցության թեկնածուին եմ պաշտպանում, բնականաբար կասեմ`մեր թեկնածուին:



 



- Իսկ հանրության համար ո՞վ է նախընտրելի:



 



- Գրավոր գրեք իմ խոսնակին, ես կպատասխանեմ:



 



 - Ժողովուրդն ինչո՞ւ պետք է ընտրի Ձեր թեկնածուին:



 



- Ինչո՞ւ պիտի չընտրի:



 



 - Կնշե՞ք մեկ իրականացած ծրագիր, որի վրա հիմնվելով ընտրի:



 



- Շատ-շատ բաներ ա եղել բնակիչների համար:



 



- Մեկը կամ  երկուսը կառանձնացնե՞ք:



 



- Էդ հարցնում եք, որ գնաք գրե՞ք… Ես պատասխանելու ոչինչ չունեմ:



 



- Լավ, Ձեր մարզում ԲՀԿ-ականներն ո՞ւմ են հակված ընտրելու:



 



- ԲՀԿ մարզային խորհրդի նախագահից հարցրեք:



 



 - Իսկ առանձին դեմքեր Ձեզ աջակցություն չե՞ն հայտնել: Ինչպես տեսնում եք, ԲՀԿ-ում կան անհատներ, ովքեր  Սերժ Սարգսյանին են պաշտպանում:



 



- Որ իմանայի էդպիսի հարցեր եք տալիս, չէի պատասխանի Ձեր հարցին:



 



- Ինչի՞, արգելվա՞ծ է  պատասխանել ԲՀԿ-ին վերաբերող հարցերին:



 



- Չէ, բա ի՞նչ, իրանց տեղը ե՞ս պատասխանեմ, ես Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ: Արդեն պրովոկացիոն հարցեր եք տալիս:



 



ԼՈՌԵՑԻՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ



 



Լոռվա մարզի ընտրողներն առաջնորդվում են քաղաքական հոտառությամբ, համոզված է մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով պնդում է նաեւ, թե իրենք ժողովրդին ակտիվացնելու հանձնարարական չունեն, եւ յուրաքանչյուր քաղաքացի սահմանադրական իր իրավունքը կիրականացնի իր իսկ կամքով: «Համոզված եմ, որ բարձր կլինի մասնակցությունը»,-ասաց Նալբանդյանը:



 



- Ինչո՞ւ եք համոզված:



 



- Ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ վերջին ընտրություններին մասնակցությունը շատ նորմալ տոկոս էր: Որովհետեւ բոլորն էլ գիտակցաբար են մոտենում այս քաղաքական պրոցեսին, որովհետեւ գիտակցում են, որ նախագահական ընտրությունները  ամենակարեւոր քաղաքական պրոցեսներն են մեր կյանքում: Գիտակցաբար կմոտենան ու բոլորն էլ կմասնակցեն:



 



 - Պարոն Նալբանդյան, Ձեր մարզում ո՞ր թեկնածուն է նախընտրելի բնակիչների համար:



 



- Դժվարանում եմ պատասխանել, բայց համոզված եմ, որ բոլոր թեկնածուներին էլ հնարավոր է, որ որոշակի ձայն տան: …Բայց ես կասեի՝ լոռեցիները քաղաքական հոտառություն ունեն եւ եթե ետ նայեն 20 տարիներին, թե որտեղից ուր ենք հասել, համոզված եմ, որ լոռեցիների գերակշռող մասը ձայնը տալու է Սերժ Սարգսյանին:



 



 - Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրությունների ավարտից հետո, քվեարկության արդյունքներով պայմանավորված, վերանայվի մարզպետների պաշտոնավարման հարցը:



 



- Չեմ կարծում, որ քվեների քանակով պայմանավորված լինի, բայց որեւէ մեկը չի ասել, որ մարզպետների պաշտոնը ցմահ պաշտոն է: Չեմ բացառում, այդ թվում իմը… իսկ ո՞վ ասեց, որ մարզպետի պաշտոնը ցմահ պաշտոն է:



 



ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄՅՈՒՍ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ



 



Թեեւ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ չի մասնակցում ընտրություններին ու ոչ մեկին չի սատարում, սակայն պարզից էլ պարզ է, որ  մասնակցելու են ու քվեարկելու են գործող թեկնածուի  օգտին: Ի հեճուկս ԲՀԿ պաշտոնական հայտարարության, Սերժ Սարգսյանին պաշտոնապես սատարելու ծիծեռնակը եղավ Բալասանյանը, ով բացահայտ հայտարարեց, որ աջակցելու է Սերժ Սարգսյանին: Իսկ կարո՞ղ է Բալասանյանի   հայտարարությունը վարակիչ լինել մյուս ԲՀԿ-ականների համար:



 



Գյումրիից մեծամասնականով վերընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրվա կարկառուն ԲՀԿ-ականն է համարվում, հիշեցրեց իրենց պաշտոնական հայտարարությունը, ապա ավելացրեց. «Թե ներքին կարգով ինչ է կատարվում, ես նման բաներից տեղյակ չեմ: Ընտրությունը մնացել է ամեն մեկի որոշմանը: Թե որ ԲՀԿ-ականն ինչ կորոշի, ոնց կվարվի, իր կամքն է»:



 



Մեր հարցին՝ իսկ կուսակցական դիրքորոշումը չի՞ տարածվում Բալասանյանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարտավորվածության խնդիր է, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ նախագահի պաշտպանելու մասին հայտարարության առումով, բացի դրանից, էսօր Գյումրին բազմաթիվ խնդիրներ ունեցող քաղաք է, իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը՝ բնակարանաշինության  հետ կապված, կարծես լուծված է, բնակարանները կառուցված են, եւ էս առումով, որպես համայնքապետ, պարտավորված է»:



 



Այսինքն, նա անթաքույց ՀՀԿ-ակա՞ն է արդեն: «Ճիշտն ասած, դա ինձ չի անհանգստացնում ու հետաքրքրում, ավելի ճիշտ կլինի հարցն իրեն ուղղել»,- ասելիքն ավարտեց Բալասանյանի դե յուրե կուսակիցը: