Սամվել Բալասանյանի թագադրության 100-ամյակն ու Գյումրիում կուտակված խնդիրները

Սամվել Բալասանյանի թագադրության 100-ամյակն  ու Գյումրիում կուտակված խնդիրները
2012 թվականի հոկտեմբերի 12-ից մինչեւ 2013-ի հունվարի 22-ը Գյումրու քաղաքապետարանն իհարկե որոշ աշխատանքներ իրականացրել է փողոցների մաքրման, կրթության, տեղական տուրքերի վարձավճարների հավաքագրման առումով, սակայն գյումրեցիներին ավելի շատ հուզում է այն հարցը, թե ի վերջո ինչ է լինելու քաղաքապետարանի կուտակած պարտքերի հետ:



 



Ըստ ՇՊԱԿ համակարգող,  իրավաբան Գայանե Գեւորգյանի, համայնքի ղեկավարը պետք է կատարի իր պարտավորությունները պետության հանդեպ եւ անհարկի պարտքեր կուտակելը նշանակում է, որ վերջինս չի կատարում իր պարտավորությունները: Եթե ֆինանսների նախարարությունը ստուգումների արդյունքում պարզի, որ ասենք նախկին քաղաքապետը անհարկի պարտքեր է կուտակել, ապա դա նշանակում է նաեւ, որ նա խուսափել է հարկ ու տուրքերի վճարումից:  Այս դեպքում բացի գումարի բռնագրավումից անպայման նախկին քաղաքապետի՝  նաեւ քրեական պատասխանատվության ենթարկելու հարց է առաջանում:



 



Դեռեւս վաղ է եզրակացություններ անելը, քանի որ Ֆինանսների նախարարությունը դեռ չի տրամադրել պարտքերի վերաբերյալ եզրակացությունը: Ամեն դեպքում պարտքերի հետ կապված ըստ քաղաքապետ Սամվել Բալասանյանի, արդեն զիջումներ են արել որոշ շինարարներ, կահույքի խանութներ: «Շինարարների, կահույքի խանութներին ունեցած պարտքերի հետ կապված եղան դեպքեր, երբ մարդիկ 50%-ը զիջեցին, մենք կազմեցինք հաշտության պայմանագրեր եւ շահեցինք 200 մլն դրամի չափ գումար: Չարաշահումներ կլինեն, թե ոչ, դա ֆինանսների նախարարության եզրակացությունից պարզ կլինի, հետագայում էլ աուդիտի անհրաժեշտություն չի լինի: Մենք աուդիտի համար գումարներ բյուջեից չենք էլ հատկացրել: ֆինանսների նախարարության ստուգումների հետ մենք կապ չունենք».պարզաբանել է Սամվել Բալասանյանը:



 



Ըստ  քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լենա Ջիլավյանի, 1 մլրդ 300 մլն դրամ քաղաքապետարանի ունեցած պարտքի մեջ մտած է նաեւ 201 մլն դրամ աշխատավարձի պարտքը: «Որոշակի պարտքերի վերաբերյալ տվյալներ մեզ ֆինանսների նախարարությունը տվել է,  մյուսների վերաբերյալ տվյալները մինչեւ ամսվա վերջ կստացվեն: Դեռ երբեւէ նման բան չի եղել, բայց մենք կարողացանք կառավարությունից պարտքերի մարման համար 300 մլն դրամ ստանալ եւ մենք պարտատերերին 220 մլն դրամ ենք բաժանել: Տված գումարից հետո բավականին բեռ թեթեւացավ: Արդյունքները մինչեւ ամսվա վերջ պարզ լինեն: Կոնկրետ եթե սանմաքրման 4 կազմակերպությունների դեպքում ամրագրվել էր 35-37 մլն դրամ պարտք, ստուգման արդյունքներում այն 25 մլն դրամ էր կազմել: Մենք հիմա ստացել ենք միայն պարտադրված լիազորությունների սահմաններում պարտքերի ամրագրումը»:



 



Մյուս հարցը, որ հուզում է գյումրեցիներին, այն է, որ աղբահանությունը բավարար մակարդակով չի իրականացվում ու նաեւ այն, թե համայնքային ծառայողների համար թափուր տեղերի մրցույթներ երբ են անցկացվելու: Այս առիթով Ս.Բալասանյանը պարզաբանել է՝ «Պետք է կարողանանք մեր քաղաքը մաքրել աղբից, շաբաթօրյակներ կազմակերպել, քաղաքը փոշու մեջ կորած է: Կադրերի հետ կապված մենք որեւէ մեկին չենք ազատել աշխատանքից, ուղղակի մարդիկ դիմում են տվել եւ իրենք են ազատվել: Քաղաքապետարանում  համայնքային ծառայողների համար թափուր տեղերի մրցույթների մասին հայտարարությունն էլ լինելու է Գյումրու քաղաքապետարանի կայքէջում, որ ավելորդ խոսակցություններ չլինեն, թե այս կուսակցականին կրճատեցին, մյուսին, մյուսին: Ես հայտարարում եմ, որ քաղաքապետարանը ապաքաղաքականացված կառույց է: Մեր քաղաքի շահերը կուսակցական եւ քաղաքական շահերից բարձր են: Մենք ունենք կարեւորագույն խնդիրներ, որոնք եթե քաղաքականացնենք, կունենանք պրոբլեմներ, եթե գիտեք, որ քաղաքականացրել եմ, օբյեկտիվ կարող եք ասել, որ քաղաքականացրել եմ»:



 



2012 թվականի հոկտեմբերի 12-ից մինչեւ 2013-ի հունվարի 22-ը Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի իրականացրած աշխատանքներով վերանորոգվել է 1 գրեյդեր, 1 բարձիչ, 3 ջրացան մեքենա, 1 մարդատար ավտոմեքենա, ձեռք բերվել 1 գրեյդեր մեխանիզմ: Փողոցները մաքրելու համար կահավորվել են նվիրատվություն ստացած տրակտորներից 7-ը, որոնք օգտագործվում են, փորձարկվում են նվիրատվություն ստացած 10 մեքենաները, որոնք եւս շահագործվելու են: Վերանորոգվել են փողոցային կարգավորման լուսացույցները, որից 5-ը` փոխարինվել էլեկտրոնային-թվային լուսացույցներով: Մի շարք փողոցներում` Իսահակյան, Շչեդրինի, Մհեր Մկրտչյան,  տեղադրվել են փողոցային կարգավորման նշաններ: Վերականգնվել է մոտ 450 լուսակետի աշխատանքը: Նախկինում գործող ՍՊԸ-ներից մեկի հետ պայմանագիրը խզվել է, քանի որ բնակչությունը խիստ դժգոհել է նրանց աշխատանքից:  Քաղաքի որոշ փողոցներում ավելացվելու են լուսակետերի թիվը:



 



Փողոցները ձյան շերտից մաքրելու համար ձեռք է բերվել 30 տոննա աղ եւ 600 խմ ավազ: Բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կնյազ Մանասյանի տեղեկացմամբ, 3 տեսախցիկ է տեղադրվելու քաղաքային աղբավայրի մոտ: «Պետք է մոնիտորինգ իրականացնենք, տեսնելու համար, թե որ փողոցից աղբահանող մեքենան գնաց, ինչ հաճախականությամբ, որպեսզի աղբահանությունը նորմալ իրականացվի Գյումրիում»:



 



2012 թվականի առաջին 40 շաբաթվա ընթացքում քաղաքապետարանը հավաքագրել է 39.1 մլն դրամ հողի վարձավճար, իսկ 41-51 շաբաթների ընթացքում` 20.8 մլն դրամ, շաբաթական միջին կտրվածքով մոտ երկու անգամ ավելի: Ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար սահմանված տեղական տուրքի գումարների գանձումը նույն ժամանակահատվածի համար կազմել է 88.1%:



 



Գյումրեցիներին հուզող ամենակարեւոր ոլորտը նաեւ տրանսպորտն է: Գծատերերը հարստանալու համար ստիպում են վարորդներին որքան հնարավոր է շատ ուղեւորներ փոխադրել միկրոավտոբուսներով, ուղեւորափոխադրումը ոչ բավարար մակարդակով է իրականացվում, խնդիրն առկա է նաեւ Երեւանում: Մինչեւ մարտի վերջ Գյումրի են ներկրվելու  չինական ավտոբուսներ: Բնակիչների բողոքի հիման վրա ներքաղաքային երթուղին ավելացել է եւս 1-եվ՝ թիվ 25 երթուղին, որը սպասարկում է նախկինում չսպասարկվող Արագած թաղամասը եւ Մհեր Մկրտչյան փողոցը եւ հնարավորություն ընձեռում «Մուշ-2-2» թաղամասի բնակչությանն ուղիղ կապ ունենալ քաղաքի կենտրոնի հետ: 2012 թվականի հոկտեմբերի 12-ից մինչեւ այսօր հայտնաբերվել եւ դադարեցվել է 30 ինքնակամ շինարարական աշխատանքների դեպքեր:



 



Անահիտ ՍԻՄՈՆՅԱՆ