Էներգետիկայի նախարարը վախենում է աղմուկից

Էներգետիկայի նախարարը վախենում է աղմուկից
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ինչպես եւ հաղորդել էինք, երեկ պատրաստվում էին գործադուլ հայտարարել եւ, հավաքվելով ձեռնարկության մուտքի մոտ, շարասյունով շարժվել դեպի նախագահի նստավայր, իրենց հերթական աշխատավարձը ստանալու պահանջով, սակայն գործարանի տնօրինությունը եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ամեն ինչ անում են, որպեսզի նաիրիտցիները նախընտրական քարոզչության այս «խառը» շրջանում հանկարծ փողոց դուրս չգան:



 



Երեկ առավոտյան ձեռնարկության անցակետին մոտեցող աշխատողներին դիմավորում էին արտադրամասերի պետերը եւ աղաչում-պաղատում, որ հրաժարվեն միտինգ անելու գաղափարից ու իրենց աշխատատեղերը զբաղեցնեն: Նրանք նաեւ խոստանում էին, որ մինչեւ ամսի մեկը կստանան հերթական՝  2012 թվականի մարտ ամսվա աշխատավարձը: Ոլորտին մոտ մեր աղբյուրը հայտնում է, որ արտադրամասերի պետերին այս հրահանգը տվել է գործարանի տնօրեն Հովհաննես Հախինյանը, որն իր հերթին ալեկոծումները կանխելու հրահանգ է ստացել էներգետիկայի նախարարից:



 



Ի դեպ, մեր աղբյուրը հաղորդում էր, որ գործարանում շարունակում են աշխատողների ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տեղեկանքներ հավաքել, որոնց մեջ առանձին տողով պետք է նշվի նաեւ այն ընտրատեղամասի համարը, որտեղ նրանք կատարելու են իրենց ընտրությունը: