ԲՀԿ-ական գործիչները ծաղրում են ԲՀԿ-ն

ԲՀԿ-ական գործիչները ծաղրում են ԲՀԿ-ն
Եթե ԲՀԿ-ն մանկապարտեզ չէ, այլ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, պետք է արժանի գնահատական տա իր առանձին ֆունկցիոներների պահվածքին: Այս կուսակցությունը, փաստորեն, ընդդիմադիր դաշտի հերն անիծելուց հետո հիմա էլ, ակամա, լծվել է ընդհանուր առմամբ քաղաքական պայքարի հերն անիծելու գործին: ԲՀԿ-ական առանձին գործիչներ այլեւս ընկալվում են որպես քաղաքական դաշտի ենիչերիներ, որոնց հրահանգված է ոչնչացնել քաղաքականության մասին մարդկանց ամենատարրական պատկերացումներն անգամ:



 



Իրականում մի առնետավազք է սկսվել ԲՀԿ-ից, որն սպառնում է վերածվել քսանամյա անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ «քցոցի»-ի: ԲՀԿ խոսնակները, սակայն, անհասկանալի լաբիրինթոս հիշեցնող իրենց խոսքերով փորձում են բացատրել այս անբացատրելի վիճակը, բայց դրանից, ինչ խոսք, վիճակը չի շտկվում: Մի երկու օր առաջ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ հիմա արդեն Գյումրիի թիվ 34 ընտրատարածքից ընտրված պատգամավոր եւ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ Գյումրիի կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանը հայտարարել են, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու են Սերժ Սարգսյանին: Եթե սա խայտառակություն չէ մի կուսակցության համար, որ հրաժարվեց ԱԺ ընտրություններից հետո մտնել կոալիցիա, իսկ դրանից առաջ էլ չմիացավ կոալիցիոն նոր հուշագրին, ապա առնվազն քաղաքական անմեղսունակություն է, որ հանդես է բերում ԱԺ-ում իր պատգամավորների թվով երկրորդ կուսակցությունը:



 



Սերժ Սարգսյանին ընտրելու կամ նրան սատարելու մեջ, ոզնուն էլ է հասկանալի, քրեորեն հետապնդելի ոչինչ չկա: Հետեւաբար, Գյումրիի քաղաքապետն ու ԱԺ հանձնաժողովի նախագահը քրեական հանցագործներ չեն: Բայց նրանք այս պահին «քաղաքական հանցագործություն» են կատարում ԲՀԿ-ի՝ իրենց կուսակցության նկատմամբ եւ, ինչպես հատուկ է քաղաքական հանցագործին, փորձում են սղալել ու արդարացնել այդ կեցվածքը: Մարտուն Գրիգորյանը, մասնավորապես, գտնում է, որ շատ մեծ տարբերություն կա Սերժ Սարգսյանին ընտրելու եւ սատարելու միջեւ: Ինքը չի սատարելու, բայց ընտրելու է: Դե իհարկե, Սերժ Սարգսյանն էլ հիմա ուր որ է աչքերը կլցնի ԲՀԿ-ականի այդ անակնկալ եւ ինքնաբուխ որոշման կապակցությամբ: Բայց չէ՞ որ խոսքն այստեղ շարքային ԲՀԿ-ականների մասին չէ, այլ ՀՀ երկրորդ խոշոր համայնքի եւ ԲՀԿ-ական ոչ պակաս խոշոր կառույցի ղեկավարների, ովքեր պատրաստվում են ընտրել Սերժ Սարգսյանին, բայց, ասացեք խնդրեմ, չեն պատրաստվում իրենց որոշումով վարակել մյուս ԲՀԿ-ականներին:



 



Ի վերջո, կա կուսակցության քաղաքական որոշումը՝ թեկնածու չեն առաջադրում եւ չեն սատարում առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին: Այս որոշման տիգրանուրիխանյանական տրակտովկան ուղղակի զավեշտ է հիշեցնում: Նա հայտարարել է, որ կա քաղաքական որոշում, իսկ թե ինչ է անում Սամվել Բալասանյանը, դա իր գործն է: Շատ ներողություն, բայց վաղն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանը կարող է հայտարարել, որ ընտրելու է Սերժ Սարգսյանին, բայց չի սատարելու նրան: Կստացվի՝ թեեւ կա քաղաքական որոշում, բայց այդ որոշումը կատարել-չկատարելն իմ գործն է: Ո՞ւր է քաղաքականությունն այս դեպքում:



 



Մեզ թվում է, որ ավելի ազնիվ կլիներ, եթե ԲՀԿ-ի որոշումը լիներ այսպիսին. «Կուսակցությունը լուծարվում է, իսկ ԲՀԿ-ական արդեն նախկին խալխը ազատ է ընտրելու ում կամենա»: Բայց եթե կուսակցությունը լուծարելու նպատակ չունեն եւ թղթի վրա էլ խիստ վճռական տոնով գրել են, որ ոչ մեկին չեն սատարելու, պետք է առնվազն հարգանք դրսեւորեն իրենք իրենց եւ իրենց շարքերի հանդեպ եւ շարքերին էլ չասեն՝ դուք ազատ եք ձեր ընտրության մեջ, բայց ես՝ Ծաղիկս, ընտրելու եմ նախագահ Սարգսյանին:



 



ԲՀԿ-ն փրկելու մի ճանապարհ ունի Գագիկ Ծառուկյանը՝ առաջին իսկ պատահած ծառից «կախել» Գյումրիի գործող քաղաքապետին եւ իր «շահած-պահած» պատգամավորին: Հավատացնում ենք, որ նրանք շատ արագ կհասկանան Սերժ Սարգսյանին ընտրելու, բայց չսատարելու մասին իրենց հայտարարությունների ողջ խեղկատակությունը: Եվ բացի այդ, դա կարող է լավ դաս լինել ԲՀԿ-ում հայտնված այն պատեհապաշտների համար, ովքեր արդեն իսկ պատրաստ են «թռնելու»: Նրանց թռիչքը գոնե անաղմուկ կլինի, իսկ եթե նույնիսկ աղմկեն էլ, ապա այդ աղմուկը կծառայի միայն ԲՀԿ շահերին:



 



Իսկ Գագիկ Ծառուկյանը ցանկություն ունի՞ փրկել ԲՀԿ-ն:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ