Ազգովի հացադուլիստներ ենք
Այստեղ ստաժավոր տատիկը, իրավունք ուներ, վիրավորվեց. «Հե՜յ գիդի (անցած) տարիներ, մենք միզադուլ էլ էինք անում: Իշխանությունը թույլ չէր տալիս, որ նման բան անեինք, ասում էր՝ ի՞նչ եք ուտում, որ ինչ միզեք: Շրջակա բոլոր զուգարանները փակել էր: Լենինգրադի բլոկադայի նման մի բան էր, չէ՜, Աստված չանի, դուք չեք դիմանա»: Իսկ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը խոստովանում է, որ ինքը վախենում է հացադուլից, Հայաստանում այն կարող է վարակի նման տարածվել: Թեկնածուն գուժում է, որ իր խոսքը ժողովուրդը հիշի՝ Րաֆֆին էլ է միանալու հացադուլին, նա դրա փորձն ունի: Բայց դա չէ, որ անհանգստացնում է թեկնածուին. «Վախենում եմ, որ Սերժ Սարգսյանը հանկարծ նստի հացադուլի, մի քիչ սիրուն չի լինի ուղղակի: Պետության առաջին դեմքը՝ ջրի շշով, պատի տակ, մի քիչ սիրուն չի»:
Վատ միտք չի տալիս նախագահին էպոսագետը: Նախագահը կարող է հացադուլ հայտարարել հացադուլավորների դեմ, որ իր դեմ հացադուլ են հայտարարել, կասկածի տակ դնելով «Ապահով Հայաստան» ծրագիրը: Այստեղ մի «բայց» կա: Եվրոպան չի՞ ասի՝ էդ ողջ ապահով Հայաստանի նախագահը հացադուլ է անում ո՞ւմ ապահովության համար…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կարծիքներ