Եթե բոլորի խնդիրը լիներ պայքարը ռեժիմի դեմ, շատ ավելի հեշտ կլիներ

Եթե բոլորի խնդիրը լիներ պայքարը ռեժիմի դեմ, շատ ավելի հեշտ կլիներ
Հարցազրույց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ



 



-Պարոն Ռուբինյան, նախագահական ընտրությունների քարոզարշավը եւ, առհասարակ, այս գործընթացներն ի՞նչ տպավորություն են թողնում Ձեր վրա: Մեկնարկից օր չանցած՝ նախագահի թեկնածուներից շատերը չբացառեցին քարոզարշավի ինչ-որ փուլում թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին միանալու հնարավորությունը: Քաղաքական պայքարի այս ձեւը ներկա իրավիճակում որքանո՞վ է արդյունավետ:



 



- Քարոզարշավից իմ տպավորությունը շատ միակողմանի կլինի, որովհետեւ միակ տեղեկատվական աղբյուրը համացանցն է: Կարծես դեռ մեկնարկային վիճակ է, միայն  Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավներն են ակտիվ քննարկվում, նաեւ տեղյակ եմ Բագրատյանի տնտեսական ծրագրից ու Ղուկասյանի հացադուլից, որի մասին դուք ինքներդ էլ հետաքրքրվում եք: Պայքարի նրա ընտրած ձեւը ես չէի մերժի, եթե բոլոր թեկնածուները, այդ արդար ընտրության պահանջը պաշտպանելով, դուրս գան ընտրապայքարից, ապա ոչ հարյուր տոկոսանոց արդյունքի ակնկալիքով, որովհետեւ բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ սպանություններից  եւ հալածանքներից չի խորշել, երբ իշխանության հարց է եղել, բայց, միեւնույն ժամանակ, բավական մեծ հարված կլինի ընտրությունների լրջության առումով, եւ հերթական անգամ կերեւակվեր Սերժ Սարգսյան բռնապետի դեմքը:



 



- Անդրիաս Ղուկասյանը պահանջում է ԿԸՀ-ից չեղյալ հայտարարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, տպավորությունն այնպիսին է, որ նախագահի թեկնածուներն անիրագործելի, անիրականանալի պահանջներով են մտել պայքարի մեջ, եւ դա է անլրջացնում շատ բաներ:



 



- ԿԸՀ-ն խամաճիկային հանձնաժողով է, եւ որեւէ ինքնուրույն քայլ այդ հանձնաժողովից սպասել իմաստ չունի: Պարզ է, որ այդ պահանջները կարելի է որակել հակաօրինական եւ անտեսել, բայց մարդն ընտրել է  պայքարի ինչ-որ ձեւ, եւ դա կարող է գործնական դառնալ, եթե աջակցություն ստանա այլ թեկնածուների եւ հասարակության կողմից: Կարող է եւ մնալ անհաջող փորձ, դա էլ է հավանական:



 



- Ըստ Ձեզ, ինչո՞ւ թեկնածուները չեն աջակցում, կրկին ամբիցիանե՞րն են խանգարում, թե՞, այնուամենայնիվ, կարելի է հուսալ, որ ընտրություններով հնարավոր է փոփոխություններ անել:



 



- Միգուցե ոմանք անկեղծ թյուրիմացության մեջ են, որ, այնուամենայնիվ, հնարավոր է ռեժիմի պարտադրած խաղի կանոններով հաղթել ռեժիմին, բայց կան նաեւ այլ նպատակ հետապնդողներ, որոնց նպատակը, բնականաբար, ռեժիմի դեմ պայքարը չէ, չէ՞ որ այդ մարդկանց չենք էլ տեսել պայքարի շարքերում. իրենք այլ խնդիրներ են լուծում: Եթե բոլորի խնդիրը լիներ պայքարը ռեժիմի դեմ, շատ ավելի հեշտ կլիներ:



 



- Պարոն Ռուբինյան, Հայաստանում երբեւէ եղե՞լ են նման ընտրություններ, որոնց նկատմամբ հասարակության հետաքրքրությունն այսքան քիչ լինի, ինչի՞ց ստեղծվեց նման իրավիճակ, իսկ գուցե համաձայն չե՞ք իմ նկատառմանը:



 



- Ես չէի ասի, որ հիասթափության աստիճանի էական փոփոխություն կա, իհարկե կա, հիասթափությունը մի քիչ ավելի շատ է, քան այլ ընտրությունների ժամանակ, դա էլ հանրահայտ է, թե ինչով է պայմանավորված:  Արմատական ընդդիմությունը ձախողվել է, հրաժարվել է պայքարից, եւ դա հիասթափության նոր ալիք է ստեղծել հասարակության մեջ:



 



- Հասարակությունը երկու կարծիքի է կարծես բաժանվել. մի մասը մտածում է, որ չպետք է մասնակցել ընտրություններին, չպետք է բավարար ցուցանիշ ապահովել, մի մասն էլ պնդում է, որ ակտիվ մասնակցություն, պայքար է պետք: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, եւ, ըստ Ձեզ, ո՞րն է ճիշտ ճանապարհը:



 



- Ես առայժմ երկու հարցի հստակ պատասխան ունեմ. որպես քաղաքացի՝ միանշանակ մասնակցելու եմ քվեարկությանը, եւ երկրորդ, որպես գիտակից քաղաքացի՝ դեմ եմ քվեարկելու ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանին, մնացածը կողմնորոշվելու հարց է: Եթե հանկարծ ինչ-որ հրաշքով թեկնածուները միասնաբար որոշում կայացնեն բոյկոտելու, դա այլ խնդիր է:



 



- Իսկ եթե թեկնածուները միավորվեն, միասնական ընդդիմադիր թեկնածուն կարո՞ղ է իրավիճակ փոխել:



 



- Խնդիրը միասնական թեկնածուի առկայության եւ բացակայության մեջ չէ, նախորդ ընտրություններին մենք տեսանք, որ ըստ էության մեծամասնության համախմբում կար Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության շուրջ, եւ շատ ավելի մեծ համախմբում եղավ, երբ փաստ դարձան խայտառակ ընտրակեղծիքները, բայց  դա էլ չօգնեց, եւ ռեժիմը կարողացավ պահպանել իշխանությունը: Այստեղ ինձ համար կարեւորը ոչ թե միասնական թեկնածուի առկայությունն է, այլ այն, թե կլինե՞ն թեկնածուներ, որոնք հող կստեղծեն ժողովրդին համախմբելու եւ հետագայում ռեժիմի դեմ պայքարելու` անկախ ընտրությունների կանխատեսելի արդյունքից:



 



- Դուք տեսնո՞ւմ եք նման թեկնածուի:



 



- Դեռ ոչ: