Մեզ համար կրակոցները սովորական են

Մեզ համար կրակոցները սովորական են
«Կրակ էր թափում: Գիշերը էդ ձեներից ենք արթնացել: Համ մեծ զենքից էին կրակում, համ փոքրից, մինչեւ գիշերը ժամը 1, 1:30 կրակել են»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով նախօրեի գիշերը հայ-ադրբեջանական հյուսիսարեւելյան հատվածում հնչած կրակոցներին, պատմեց կրակահերթի տակ հայտնված Մովսես գյուղի մի բնակիչ:



 



Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը եւս հաստատեց, որ երեկ գիշեր, մի քանի ժամ շարունակ տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Խաղաղ բնակչությունից զոհեր կամ վիրավորներ, բարեբախտաբար, չկան, սակայն մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակահերթերի հետեւանքով սրունքի հատվածից վիրավորվել է մեկ պայմանագրային զինծառայող՝ 1991-ին ծնված  Գեւորգ Մելիքբեկյանը, որի կյանքին, ըստ ՊՆ-ի, վտանգ չի սպառնում: Նույն կառույցի հավաստմամբ՝  իրավիճակը վերահսկվում է:  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով, միայն պատասխան կրակոցներից հետո է հակառակորդը լռել: «Մեր բանակը համապատասխան միջոցները ձեռնարկեց, որից հետո իրանք, ոնց որ ժողովուրդն ա ասում, մկան ծակին հազար թուման էին տալիս: Մեր կողմից էլ են կրակոցներ եղել: Բա պիտի պատժես թշնամուն, որ խելոքանա»,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով, որ երեկ կեսօրին արդեն վիճակը խաղաղվել էր, եւ այլեւս կրակոցներ չեն հնչել:



 



«Խաղաղ ա, խաղաղ ա, նորմալ կյանքով ապրում ենք, ձիգ ենք, ձիգ, մեզ համար դա սովորական ա: Աստծո կամեցողությամբ երեկ մենք վիրավոր, զոհ չենք ունեցել: Գյուղում տներ ու մեքենաներ են վնասվել, գազատարն էր վնասվել, բայց այս դեպքերում մենք ասում ենք՝ փառք Աստծո, որ մարդկային կորուստ չենք ունեցել»,-ասաց Չինարիի գյուղապետը: Նա նաեւ ավելացրեց, որ գազատարն արդեն վերանորոգել են, եւ 2 ժամ ընդհատումից հետո թաղամասն արդեն գազամատակարարվել է: Գյուղապետը հակառակորդի ակտիվացումը պայմանավորեց  ընտրություններով, հատկապես վերջին մեկ շաբաթվա իրադարձություններով: «Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չինարի, Այգեպար ու հարակից գյուղերում վիճակը շատ լարված է եղել: Կեղտոտները երեւի կամենում են մեր մոտ նախագահական ընտրությունները խաթարել, բայց, միեւնույն է, ինչ էլ ուզենան անել, մենք հերոսի պես պիտի կանգնենք եւ պահենք մեր հողուջուրը»,-նշեց գյուղապետը:



 



Մովսեսցի մեր զրուցակցի խոսքով, սակայն, հակառակորդը հիմնականում տոն օրերին է ակտիվանում, բայց այդ դեպքում էլ սովորաբար գյուղի եւ խաղաղ բնակչության վրա չի կրակում: «Մայիսի 1-ին, մայիսի 9-ին են կրակում, Անկախության օրը, բայց հիմա առանձնապես տոն չկա: Համ էլ նախկինում գյուղի վրա չէին կրակում, մեկ էլ մի 5-6 տարի առաջ էին գյուղի վրա կրակել, հետքերը մինչեւ հիմա պատերի վրա կան: Կրակում են դաշտերի, պոստերի վրա, բայց ոչ անմիջական գյուղի վրա»,-պատմեց մովսեսցին: Ցավալին այն է, որ կրակոցները գյուղերի բնակչության համար սովորական են դարձել, թշնամու կրակոցը, սպառնալիքն այլեւս չի զարմացնում գյուղացուն: Հակառակը՝ երբ կրակոցներ չեն հնչում, կատակում են՝  թե չլինի՞ բան է պատահել, որ չեն կրակում: «Դա նորություն չի մեր համար, սովորական երեւույթ ա, ուղղակի քաղաքում են ուշ-ուշ իմանում դրա մասին: Կրակոցներ չլսելն ա մեր համար անսովոր»,-ասում է մովսեսցի մեր զրուցակիցը: 



 



Հրադադարի ռեժիմի խախտման իրական պատճառների հետ կապված՝ տարբեր վարկածներ էին երեկ շրջանառվում սոցցանցերում: Ֆեյսբուքյան օգտատեր Վահան Ղուկասյանն իր էջում գրել է. «Ադրբեջանում հիմա շատ լարված ներքին իրավիճակ է, ու Ալիեւի ռեժիմն ամեն կերպ փորձում է շեղել իր հասարակության ուշադրությունը առկա ներքին խնդիրներից ու ստեղծել միրաժային թիրախներ, որպեսզի մեղմի բողոքի ալիքը։ Այդ կոնտեքստում եմ դիտարկում ինչպես էդ չարաբաստիկ հայասեր գրողի շուրջ բարձրացրած աղմուկն ու զարգացումները, այնպես էլ հաճախակիացած միջադեպերը սահմանում: Իրականում, մեծ հավանականություն կա, որ դրանք կրում են սադրիչ բնույթ ու հետեւում են մեկ գերնպատակ՝ դրդել մեզ հերթական անգամ անհամարժեք պատասխան տալ, որպեսզի ադրբեջանական հասարակությունում կարողանան կրկին ակտուալացնել հայկական վտանգի հարցը՝ այդկերպ շեղելով նրանց սոցիալական անարդարության, իշխանական ամենաթողության եւ այլ ներադրբեջանական խնդիրներից»։



 



ՀԳ - Երեկ պարզ դարձավ նաեւ, որ դեպքից հետո Տավուշի մարզում աջակցության խումբ է ստեղծվել՝ գնդակոծությունից տուժած գուղերին եւ բնակիչներին օգնելու համար: «Հիմնադրամներ կան, բարեգործական կազմակերպություններ, բարի կամեցող մարդիկ, որոնք միշտ աջակցում են մեզ, եւ այսօր դրա կարիքը կա,-ասաց գյուղապետը՝ ավելացնելով:- Մեր հարգելի թեկնածուի վրա կրակողին էլ ասեք թող էդ զենքը բերի, մենք գիտենք որտեղ ու ոնց օգտագործենք: Զենք մեզ պետք ա, մենք թշնամու վրա կկրակենք»: