Ոստիկանության արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգին

Ոստիկանության արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ահազանգին
ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագրի համաձայն` Երևան քաղաքի Երզնկյան տուն 77 հասցեում հաշվառված Կարեն Էդուրադի Սաֆարյանը մահացել է 2 տարի առաջ, սակայն վերջինիս տվյալները առկա են ընտրողների ռեգիստրում: 


Նույն ամփոփագրով հայտնվել է նաև, որ Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոց 14 տան սեփականատեր Վելիկ Կարապետյանը հաղորդել է, որ նշված հասցեում հաշվառված է   իրեն անծանոթ Սերժիկ Ալեքսանյան տվյալներով քաղաքացի:


ՀՀ ոստիկանության կողմից հասցեներում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Էդուրադի Սաֆարյանը մահացել է 2011 թ.-ին, սակայն մահը գրանցած ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով և ժամկետներում ռեգիստրը չի տեղեկացվել:


13.02.2013 թ.-ին Կ. Սաֆարյանը հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից՝ մահվան կապակցությամբ:


Սերժիկ Սերոբի Ներսիսյանը Երևան քաղաքի Շահումյան 6 փողոց տուն 14 հասցեում հաշվառվել է դեռևս 1974 թ.-ին, որի վերաբերյալ իրավունքների պետական գրացում չի կատարվել:


Հասցեի հարևանությամբ բնակվող անձանց պարզաբանմամբ՝ Ս. Ներսիսյանը փոխել է բնակության վայրը, սակայն այդ մասին ռեգիստր վարող մարմնին գրավոր չի տեղեկացրել: Արդյունքում՝ վերջինիս անհատական տվյալներն ընդգրկվել են Երևան քաղաքի Շահումյան 6 փողոց տուն 14 հասցեի ընտրացուցակում:


Օպերատիվ եղանակով իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ Ս. Ներսիսյանը 13.02.2013 թ.-ին վերահաշվառվել է Երևան քաղաքի Շահումյան 6 փողոց 1-ին նրբանցք տուն 14 հասցեում:


ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որը քաղաքացին համարում և հայտարարում է որպեu իր կացարան: Մշտական բնակության վայրը փոխելու կապակցությամբ նոր հասցեն տրամադրելու պարտականությունը կրում է քաղաքացին: