Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել

Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել:Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արման Ղ.-ին, 1991 թ. ծնված Սաթենիկ Մ.-ին, 1993 թ. ծնված Կամո Ա.-ին և 1990 թ. ծնված Սարգիս Կ.-ին, որոնցից Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ թռուցիկներ են բաժանել Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում, որի ընթացքում Կամո Ա.-ն վերցնելով մուտքում դրված ցախավելը՝ սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան ու ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել իրեն և ընկերոջը:



Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



Կատարվում է հետաքննություն: