Հանրապետական կուսակցության ստեղծած «նոր» Հայաստանը

Հանրապետական կուսակցության ստեղծած «նոր» Հայաստանը
Նախագահական ընտրարշավն սկսելուց ի վեր Սերժ Սարգսյանի ամենահիշարժան խոսքը փետրվարի  7-ի արտասանած «Անցել է ժամանակդ, ցտեսություն» արտահայտությունն էր, որ, կարծում եմ, պատմություն կմտնի: Սակայն վստահ չեմ, թե պատմությունը դա ում համար պիտի գրանցի: Շատ հավանական է, որ հենց Սարգսյանի համար էլ գրանցի:



 



Հարցն այն է, որ գործող նախագահը կառավարման իր արխայիկ համակարգի մեջ ոչ մի նորամուծության պատրաստ չէ, կամ ի վիճակի չէ: Հնաբույր եւ ոչ ժամանակակից գործելաոճը փոխելու տրամադրություն կամ թեկուզ դրա անհրաժեշտության գիտակցություն նա բացարձակապես չունի: Մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա ժամանակակից, եվրոպական չափանիշներին ձգտող մի պետություն՝ առնվազն այդպես ասում ենք: Սերժ Սարգսյանի որդեգրած ներքին քաղաքականությունը, կամա թե ակամա, երկիրը մխրճում է միջինարեւելա-լատինաամերիկա-սովետական տիպի կառավարման տիղմի մեջ: Եվ այս երեւույթը կապ չունի ոչ Ռուսաստանի հետ մեր ունեցած ռազմավարական հարաբերությունների, ոչ հայ-թուրքական խնդրի եւ ոչ էլ Արցախի հիմնահարցերի հետ:



 



Այժմ, որպեսզի ինձ չմեղադրեք ընդդիմադիր գործիչներին կրկնելու մեջ, փորձեմ կոնկրետ օրինակներով բացել միջինարեւելա-հարավամերիկա-սովետական բառակապակցության փակագիծը:



 



Ես ծնվել ու մեծացել եմ միջին արեւելյան երկիր Լիբանանում: Այդ երկրի իշխող համակարգում կային ֆեոդալական հատկանիշներով օժտված ավանդական դինաստիաներ: Գերդաստանի ղեկավարը համարվում էր նաեւ տվյալ համայնքի անառարկելի լիդերը: Համայնքի անդամները միշտ քվեարկում էին այդ լիդերի օգտին, անկախ նրա արժանիքներից՝ նրան հասցնելով խորհրդարան կամ կառավարական բարձր պաշտոնի: Այս ղեկավարն էլ իր հերթին, առանց հաշվի առնելու ենթակաների կարողությունները, պետք է օգներ իր համայնքի անդամներին տեղավորվել կառավարական պաշտոնների, ուժային կառույցներում կամ ոստիկանությունում: Համայնքի անդամները դատական, մաքսային կամ առեւտրական որեւէ դժվարության պարագայում չէին դիմում պատկան մարմիններին. նրանք գնում էին իրենց բեկի կամ «րէյիսի մոտ՝ օգնության ակնկալիքով: Րէյիսն էլ իրավունք չուներ հարցնելու՝ ինչո՞ւ ես օրենքը խախտել կամ ինչո՞ւ ես գողացել, կամ անմեղ մարդ սպանել: Նրա պարտականությունն էր իր համայնքի անդամներին պաշտպանել եւ վերջ: Ահա ձեզ միջին արեւելյան «ապահով» երկիր: Ի վերջո, այս «ապահով» երկիրը քանդուքարափ եղավ՝ մխրճվելով քաղաքացիական կործանիչ պատերազմի մեջ եւ… վերջ:



 



Մի ուրիշ «ապահով» երկրի տարբերակ կարելի է գտնել հեռավոր լատինաամերիկյան երկրներում: Լատինաամերիկյան բազմամարդ քաղաքներում սովորական է տեսնել օլիգարխներին պատկանող պարսպապատված շքեղ պալատներ ու շքեղ ավտոմեքենաներ: Այդ պալատներից քիչ այն կողմ կարելի է գտնել թաղամասեր, որտեղ հյուղակներում ապրող թշվառ քաղաքացիների ոտաբոբիկ երեխաները ֆուտբոլ են խաղում հին շորերից պատրաստված գնդակներով: Էլ չեմ խոսում լատինաամերիկացի հազարավոր այն տղամարդկանց մասին, ովքեր անօրինական մուտք են գործում ԱՄՆ՝ խոպանչիության նպատակով:



 



Գիտեմ, հիմա չարախնդում եք: Մտածում եք՝ լավ, հապա ինչպե՞ս ես համեմատության եզրեր գտնելու այսօրվա անկախ Հայաստանի ու Սովետական Հայաստանի քաղաքական կառավարման միջեւ: Այս մասին ես չէ, որ պետք է խոսեմ, բայց փորձեմ «սատանի մայլեն քյանդրբազություն անել»: Խորհրդային Միությունում կար Կոմունիստական կուսակցություն: Որեւէ պաշտոնի բարձրացում, լինի դա դպրոցի տնօրեն, գյուղապետ թե կառավարության անդամ, պայմանավորված էր կուսակցությանը քո հավատարմությամբ:  Այս նշանակված ընտրյալների մեծ մասը պաշտպանում էին Կոմունիստական կուսակցությունը եւ նրա գաղափարախոսությունը: Արվեստագետները (ոչ բոլորն անշուշտ) պարբերաբար գովերգում էին իշխանության հետ միաձուլված Կոմունիստական կուսակցությանն ու նրա ղեկավարին:



 



Թվում էր, թե դպրոցի տնօրեններն անկեղծորեն պաշտպանում էին կոմունիստների ստեղծած «արդար» հասարակարգը եւ այդ հասարակարգի սերուցքը կազմող կոմունիստ գործիչներին, որոնց դեմ խաղ չկար: Ի՞նչ էր եղել, ընտրություններ էլ էր լինում, ընդ որում՝ դեմոկրատական ընտրություններ: Մարդիկ գնում,  ամենայն կարգապահությամբ քվեարկում էին: Քվեարկում էին այնպես, որ կուսակցության ղեկավարը «խփում էր» 60, 70, մինչեւ 90 եւ ավելի տոկոս: Գյուղացիներն աղուհացով, քոչարիով դիմավորում էին Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարին: Աշակերտներն ու ուսուցիչները, երկու շարք կազմած, ծափահարում էին առաջնորդին: Ուսուցիչներին խոսեցնում էին, նրանք էլ ասում էին՝ բա իհարկե, դպրոցի երեխաներն էլ պիտի գան, որպեսզի տեսնեն ղեկավարին: «Այսպիսի առիթ մեկ էլ ե՞րբ կունենան մեր երեխաները»,- բացատրում էին նրանք: Նույնիսկ կային «հանպատրաստից» ելույթ ունեցողներ, որոնք հատուկ առոգանությամբ գովերգում էին առաջին քարտուղարին: Քարտուղարն էլ համեստաբար շնորհակալություն էր հայտնում: Ուղղակի լավ չեմ հիշում. առաջին քարտուղարը մի բան ասո՞ւմ էր իրեն քննադատողներին մեծահոգաբար չծեծելու առնչությամբ, թե՞ ոչ: Ներեցեք, բայց խճճվեցի: Կոմունիստական Հայաստանի՞ մասին էի խոսում, թե՞ Հանրապետական Հայաստանի:



 



Եթե իսկապես գտնում ենք, որ այս «նոր» Հայաստանը «հին» Հայաստանի կրկնօրինակն է, եթե իսկապես գտնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը լավ չի ապրում ներկա իշխանության վարած տնտեսական ձախող կառավարման հետեւանքով, եթե իսկապես գտնում ենք, որ ժողովուրդն արտագաղթում է նաեւ արդար հասարակարգի ու հավասար պայմանների բացակայության պատճառով, եթե իսկապես մեր հայացքն ուզում ենք ուղղել Եվրոպա եւ հավատում ենք լիբերալիզմին, ապա դուրս եկեք փետրվարի 18-ին, արհամարհեք չքվեարկելու կոչերը: Իշխանության ագիտատորներին, գյուղապետերին ու թաղային հեղինակություններին մի հակադրվեք, բայց քվեարկեք ձեր թեկնածուի օգտին: Ընտրատեղամասերում նրանք չեն կարող ձեր վրա ճնշում գործադրել, չեն կարող ձեր քվեն խեղաթյուրել: Հայաստանի տերը Հայաստանի քաղաքացին է, օգտվեք ձեր իրավունքից եւ իշխանությունը տվեք այն թեկնածուին, ով կոնկրետ ծրագիր ունի եւ փորձառություն այն իրականացնելու:



 



Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ



ԱՄՆ, Միչիգան