Կապիտալիզմի դպրոց

Կապիտալիզմի  դպրոց
«Սովետի» ժամանակ արհմիությունները կոչվում էին «կոմունիզմի դպրոց»: Բայց կոմունիզմը ցնդաբանություն էր, իսկ կապիտալիզմը` իրողություն, որում այսօր ապրում են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նաեւ դրանց աշխատավոր մասը: Այնպես որ, մեզ այսօր միանգամայն այլ «դպրոց» է պետք` կապիտալիզմի դպրոցը: Խոսքը «ճշտով» արհմիությունների մասին է:



 



Պատմականորեն այդպես էլ եղել է` արհմիությունները ստեղծվել են հենց աշխատավորների (այլ ոչ թե իշխանության) կողմից` սեփական շահերը համատեղ ուժերով պաշտպանելու համար: Բայց Հայաստանում, ինչպես այլ հետխորհրդային երկրներում, արհմիություններն իրենց այդ առաքելությունը չեն կատարում: Պատճառն այն է, որ Սովետի փլուզումից հետո արհմիություններն այդպես էլ չկարողացան անցնել նոր` արդի պայմաններին համահունչ աշխատաոճի: Չձերբազատվեցին իրենց անցյալից, երբ արհմիություններն ընդամենը իշխող վարչակազմի կցոնն ու Կոմկուսի գաղափարախոսական «շեփորն» էին: 



 



Մինչդեռ ՀՀ տարածքում արդեն վաղուց կապիտալիզմ է, այն էլ՝ վայրի փուլում: Դա նշանակում է, որ այսօր տուժողի կարգավիճակում են աշխատավորների ոչ միայն «տեսական» շահերը, այլեւ նույնիսկ օրենքով ամրագրված աշխատանքային իրավունքները: Այդ իրավունքների «օրինական» պաշտպանները, ասենք, նույն արհմիությունները կամ ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը, գործատուից տուժած այս կամ այն աշխատողի համար ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ անում են, բայց դա չի փոխում ընդհանուր պատկերը: Աշխատանքային իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում, ինչպես ասում են, «դիլխոր» վիճակում է: Դրա համար ՀՀ արհմիությունների արդիականացումը ոչ միայն հասունացած, այլեւ նույնիսկ «ժամկետանց» խնդիր է: Կդառնա՞ն այսօրվա արհմիություններն աշխատավորների շահերի իրական պաշտպան, թե՞ կշարունակեն իմիտացիան, կախված է ոչ միայն այդ կառույցի առաջնորդներից, այլեւ մեզնից` աշխատողներիցս:



 



Արհմիության անդամ ես ու գլուխդ կախ ամեն ամիս անդամավճա՞ր ես տալիս: Պահանջիր, որ գործ անեն: Արհմիություն չկա՞ աշխատանքիդ վայրում: Ստեղծիր` ըստ օրենքի, նույնիսկ երեք հոգանոց կոլեկտիվն իրավունք ունի արհմիություն ստեղծել: Դա ոչ թե «հավեսի» բան է, այլ ընդհանուր տնտեսական շահերի պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացման ու պաշտպանման միակ, ընդ որում` միակ օրինական միջոցը: Մենք պատրաստվում ենք «Կապիտալիզմի դպրոց» խորագրի ներքո լուսաբանել այն ամենը, ինչ կապված է աշխատավորների օրինական իրավունքների պաշտպանության հետ: Խորագրի առաջին նյութն արհմիությունների սեփականության մասին է:



 



«ՓԱՌԱՀԵՂՈՒԹՅԱՆ» ՄՆԱՑՈՐԴՆԵՐԸ



 



Խորհրդային արհմիությունները ինչ ասես չունեին` հսկա շենքեր (հիշենք թեկուզ նախկին Լենինի հրապարակի ՀԱՄԽ ասվածի  շենք-նստավայրը), հանգստյան տներ, ճամբարներ, բազաներ եւ այլն: Ի՞նչ եղավ այս ամենը` վաճառեցի՞ն, թե՞ձեռքից խլեցին: Ի՞նչ աշխատավարձեր են ստանում արհմիութենական գործիչները ու ի՞նչ աղբյուրներից: Ո՞ւր են գնում անդամավճարները: Այս եւ այլ հարցերի է պատասխանել ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ:



 



- 2000 թ. սկզբին Կոնֆեդերացիայի ողջ սեփականությունն արդեն վաճառված էր, ու դրանից գոյացած գումարներով հաջողվեց գոյատեւել: Բանն այն է, որ արհմիությունների տնօրինման տակ էին տուրիզմի եւ առողջարանների հանրապետական միությունները, որոնց գույքի որոշ մասն էլ վաճառվեց: Դրանց թվում էին Ջերմուկի մի քանի պանսիոնատներն ու Հայաստանի ողջ տարածքում գտնվող տուրիստական բազաները: Բայց մենք հենց այնպես չէինք լուծում մեր ֆինանսական խնդիրները: Այն ժամանակ միտում կար` եթե ի վիճակի չես սեփականությունդ պատշաճ ձեւով պահպանել, ուրեմն տուր նրանց, ում մոտ կա այդ հնարավորությունը: Իսկ երբ 2007 թ. Կոնֆեդերացիայի նախագահ ընտրվեցի ես, մեր բալանսի վրա գտնվող ու վաճառքի ենթակա ոչ մի բան այլեւս չկար: Մնացել էր ընդամենը երկու կիսակառույց շինություն Արզնիում եւ Վանաձորում, որոնք երկար ժամանակ այդպես մնալու արդյունքում դարձել էին ոչ պիտանի: Ճիշտ է, մեր կայքում այսօր էլ հայտարարություն կա դրանց վաճառքի վերաբերյալ, բայց գնորդ գտնելը հեշտ բան չէ:



 



Կոնֆեդերացիայի կազմում այսօր ընդգրկված են 24 ճյուղային արհմիություններ` իրենց մոտ 780 կազմակերպություններով ու ավելի քան 240 հազար անդամներով: ՀԱՄԿ-ի պայմանների բարելավման իմաստով վերջին տարիների էական իրադարձություն կարելի է համարել այն, որ տեղափոխվեցինք «Էրեբունի պլազա» հյուրանոցի դիմացի շենքը: Նախկինում Հանրապետության հրապարակի շենքում էինք, բայց այդ շենքն ուներ երեք սեփականատեր: Մեկը «Կոնվերս բանկն» էր, մյուսը` «Գինեքար» ՍՊԸ-ն, որն էլ առաջարկեց փոխանակել մեր մասնաբաժինը «Էրեբունի» հյուրանոցի երկրորդ մասնաշենքի վրա: Արդյունքում ոչ միայն բոլոր առումներով շատ ավելի բարեկարգ շենք տեղափոխվեցինք, այլեւ հավելավճար ստացանք, որի տոկոսների շնորհիվ կարողանում ենք ապահովել մեր գոյությունը:



 



Կոնֆեդերացիայի անձնակազմում այսօր 14 աշխատակիցներ կան, միջին աշխատավարձը մոտ 60 հազար դրամ է: ՀԱՄԿ-ի ընդհանուր բյուջեն տարեկան մոտ 100 մլն դրամ է, որից միայն 10%-ն են անդամավճարները: Մնացած գումարներն առաջանում են վարձավճարներից` շենքի առաջին հարկերը վարձակալման հիմունքներով տրված են այլ կազմակերպությունների:



 



Պետությունից ֆինանսական աջակցություն երբեւիցե չենք ստացել` ինքնուրույն ենք հայթաթել գոյատեւման համար անհրաժեշտ միջոցները: Այնպես որ, պետությունից կախվածության մասին խոսք չի կարող գնալ: Ինչ վերաբերում է գործատուներին, ապա կախվածությունն այստեղ երկկողմանի է: Մի կողմից, գործատուն կարող է խոչընդոտել անդամավճարների հավաքմանը, մյուս կողմից` արհմիություններն էլ ազդեցության լծակներ ունեն: Դա կամ գործադուլն է, կամ էլ այս կամ այն հարցի վերաբերյալ բանակցությունները: Բայց այս ամենն անմիջականորեն կապված է ճյուղային արհմիությունների աշխատանքի հետ: Իսկ բուն Կոնֆեդերացիան հիմնականում աշխատում է պետական կառույցների, օրենսդրի կամ այն գործատուների հետ, ում մոտ աշխատանքային օրենսդրության լուրջ խախտումներ կան:



 



Վագա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ



«Հակաստվեր» ՀԿ