«Ռոստելեկոմ-ը արգելափակում է մեր մուտքը»

«Ռոստելեկոմ-ը արգելափակում է մեր մուտքը»




Վերջին շրջանում հայստանյան ինտերնետ-օգտատերեր չեն կարողանում մուտք գործել որոշ կայքեր: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական ծառայությունն ուսումնասիրել է այս խնդիրը և հանդես է գալիս համապատասխան  հայտարարությամբ:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանաբնակ բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր ահազանգում են, որ չեն կարողանում մուտք գործել մի շարք կայքեր: Նրանք, մասնավորապես, նշում են, որ էկրանին հայտնվում է հաղորդագրություն, ըստ որի` տվյալ կայք մուտք գործելն արգելափակված է Ռոստելեկոմ ԲԲԸ-ի կողմից` համաձայն ՌԴ օրենսդրության և ՌԴ դատարանի որոշման:



ՏՏ ոլորտի մասնագետների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում պարզվեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ռուսական Ռոստելեկոմ ԲԲԸ-ի հայաստանյան դուստր ձեռնարկություն հանդիսացող ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն է:



Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային իրավունքի ինքնիշխան և անկախ սուբյեկտ, որի տարածքում գործում են բացառապես իր կողմից ընդունված ներպետական և միջազգային իրավական նորմերը: Ավելին` Հայաստանի Հանրապետությունը չի միացել 2012թ. դեկտեմբերին Դուբայում կայացած  Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթին, որի դրույթները նախատեսում են ինտերնետային հասանելիության որոշակի սահմափակումներ, ինչից ելնելով էլ Ռոստելեկոմ ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ սահմանափակումները:



Ազատ դեմոկրատներ կուսակցության Երիտասարդական միությունն արձանագրում է, որ այս կերպ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացու սպառողական շահերը և տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը:



Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` Ազատ դեմոկարտներ կուսակցության Երիտասարդական միությունը պահանջում է Ռոստելեկոմ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ից ներկայացնել սպառիչ բացատրություն խախտումների վերաբերյալ և երաշխավորել նման դեպքերի կրկնության բացառումը:



Իր հերթին ՀՀ Կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել ՀՀ-ում այլ պետությունների ներպետական օրենսդրության գործողության հետագա հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ»: