Դավիթ Մուրադյանը մտորում է…

Դավիթ Մուրադյանը մտորում է…
Կինոգետ Դավիթ Մուրադյանը գրում է. «Արարատ լեռը իմ առօրյան է: Տեսնում եմ այնքան հաճախ, որ երբեմն անամոթաբար չեմ նկատում: Բայց մեծ մասամբ նա տիրաբար վերցնում է ինձ իր ձգողականության մեջ: Ուր էլ որ շտապելու լինեմ, մի քանի վայրկյան զսպում եմ քայլս ու կախարդված նայում: Նրա կերպարը ստիպում է թեթեւակի գլխապտույտ զգալ կամ անհապաղ զգաստանալ, հատկապես, երբ բացվում է ամբողջ հասակով: ....



 



Լեռն առաջինն է դիմավորում Երեւան ժամանողներին: Նա լրիվ տեսանելի է օդակայանից: Երբ գրչակից ընկերոջս հետ ինքնաթիռ էինք նստում՝ նախ Մոսկվա, հետո Լիսաբոն, իսկ Լիսաբոնից էլ դեպի տասնութ ուրիշ քաղաք ուղեւորվելու համար, լրիվ մութ էր: Բայց ես զգում էի լեռան անտեսանելի ներկայությունը, որովհետեւ, ահա արդեն քանի տարի, գնալն ու վերադառնալը անընդմեջ կապված են նրա հետ: ....Արարատը եւս համապարփակ առասպել է ու հերթական երկրաբանական գոյացություն: Նրա հայացքի ներքո մարդկության գաղտնագրված պատմությունը նորից հանդիպում է մեզ հայտնի ժամանակների հետ: Այդ լեռը միշտ տարբեր է ու միշտ անփոփոխ: Նրա մետաֆիզիկան մեր դիալեկտիկայի հուսալի հենարանն է: ....Ձմեռային առավոտներին նա կարող է լինել խստահայաց ու մռայլ՝  հիշեցնելով Աստծո դատաստանի մասին, որից զերծ մնաց իր խորհրդավոր գագաթը:



 



Աշնանը, իրիկնամուտին, երկնքի կիսահալ ոսկիների մեջ, նա կարող է վեհություն ներշնչել, գարնանը դառնալ անկշիռ, հողին հազիվ կպած, եւ հոգիդ առնել ու տանել վեր: Ամռան ուղիղ կեսին, ծանր արեւի տակ, նա զովության պատրանք է ծնում եւ տարվա բոլոր եղանակներին մխիթարում ու գոտեպնդում, ասելով թե` ես այստեղ եմ, փրկության հանգրվանը, միշտ ձեր կողքին է, տապանն ի՛մ ուսին է հենվել, Նոյն իր զավակների հետ իջել է ի՛մ լանջերով, կյանքն ա՛յս փեշերից է վերադարձել աշխարհ ու սփռվել չորս ուղղությամբ: Դարձյալ հանգուցակետ: Դարձյալ սահմանագիծ: Միֆի ռեալություն: Վերջ ու Սկիզբ»: