Մի սպանաներ

Մի սպանաներ
Կարդացի ադրբեջանցի գրող Ա. Այլիսլիի «Քարե երազները»: Ստեղծագործության գեղարվեստական արժանիքների մասին չէ, որ կուզեի խոսել (չնայած այն եւս մեծ դրվատանքի է արժանի): Խոսքս գրողական խղճի մասին է, ճշմարտության երեսին նայելու, չթաքցնելու եւ չթաքնվելու մարդկային կերպի մասին, որը հարգանք է հարուցում եւ մեր` հարեւան ժողովրդի հոգեւոր ինչքը կրողի` արվեստագետի (գրողի) նույնակերպ  ենթատեքստ - պահանջ:



Խորհրդային վերջին տասնամյակների նախիջեւանյան առօրյա - ոչ վաղ էն անցյալի ստի ու ճշտի զարմանալի համադրության, չար ու բարու, վատ ու լավի իրարամերժ խաչաձեւումները գրքի հերոսի մանկական մտապատկերներում. կիսավեր, որբեւայրի հայ վանքեր, ճախրող աղավնիներ ու մոր գրկի մեջ մանուկ Հիսուս, որ մի օր ժպտում է Այլիսլի տղային, նախկին կոտորածներից հրաշքով փրկված հատուկենտ հայեր` հասարակ, չարքաշ, արժանապատիվ - իրական սրբեր - սրբապատկերներ ադրբեջանցի պատանու անհանգիստ ներաշխարհում («...այդպիսի կիրթ, ազնիվ, աշխատասեր մարդիկ չկան ողջ աշխարհում...»), հետո... հետո իրականությունը տեղափոխվում է Սումգայիթ ու Բաքու, ուր շարունակվում է ու խորանում հերոսի (արդեն ժողովրդական ճանաչված դերասան) ներքին Գողգոթան - Սումգայիթյան սարսափ, Բաքվի ահասարսուռ սպանդ (1988 փետրվար - 1990 հունվար), իր իսկ աչքի առաջ ողջակիզում են հայ կնոջը (անողներն էլ` երիտասարդ, ժպտերես, կչկչան ազերի կանայք ու աղջիկներ), Բաքվի կենտրոնում աքացիներով սառցակալած լիճն են գցում ու խեղդամահ անում տարեց մի հայի... Ծերունուն պաշտպանելու համար էլ հենց մահացու ջարդուփշուր են անում դերասանին («...վիրահատական սեղանին պառկածը - Օթելլո-Քեֆլի-Ալեքսանդրը փորձել էր փրկել ծերունի հային... Այդպես կվարվեր յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է մարդ...»):



Մեջբերումներ են գրքից:



Ու այդտեղ` վիրահատական սեղանին էլ մնում է, այլեւս ուշքի չգալով մահանում մարդ մնացած արվեստագետը, ետ չգալով, չուզենալով վերադառնալ այն աշխարհից, որ իրենն էր, իր Աստծունը, որտեղ իր մանկության տաք ու անբիծ երազներն էին` Այլիսի (Ագուլիս) քարե կիրթ ու հղկված վարդագույն, ավերակված վանքերը, կոկիկ փողոց-տները, Վարդակերտի վանքի ծաղկաստանը - դարասկզբին հերթական ջարդից մազապուրծ ծեր մի կնոջ յուրովի սարքած հուշ-հուշակոթող` իր հարազատների հիշատակին - ամեն ծաղիկ մի զոհի խորհուրդ-հիշատակ... Քարուքռա սարերի ու Գողթան երկրի որձաքար պատմություն (Զաքարիա Ագուլեցի պատմիչի երեց ընկերակցությամբ) ու... ու պստլիկ, սիրունիկ մի աղվեսաձագ, անմիտ սպանված իր իսկ ազգակցի դաժան ձեռքով, մեղք (Տեր Աստված, ակամա հիշում ես քո անմեղ նահատակներին), որ ամբողջ կյանքում այլեւս հետեւելու է նրան - մորմոքուն հուշ - սողոսկելու միտքը, սիրտը, գիրկը, փրկություն որոնելով ու կյանք աղերսելով...



Իրոք, քարե ծանր, դառը երազներ, որ այլեւս երբեք թույլ չէին տալու նրան արթնանալու, որովհետեւ... արթուն էր խիղճը... Լավ մարդ ես, Աքրամ գրչեղբայր. ազնիվ, իսկական գրող-մտավորական. հարգում ես մարդ արարածին անկախ գույնից ու ազգությունից, հավատից ու անհավատ լինելուց: Խղճի գործ ես արել, հարեւան, լավ, մարդկային գործ: Անքեն սրտով մեզ պարզած ձեռք է գիրքդ, բարեկամի ձեռք:



Մենք էլ շատ բան ունենք խորհելու: Եվ էն, որ թուրք ենք անվանում ազգիդ (տխրորեն շեշտում ես, որ այդպես չէ): Այո, բարեկամ, եւ թուրքն էլ միշտ չէ, որ «թուրք» է ու «թուրքն» էլ` թուրք,- ժամանակն է եւ դա հասկանալ: Միմյանցամերժության բավիղներում է, որ կորցրինք միմյանցահանդուրժ գոյության հնարավորություն-իրավունքը ու մտանք միմյանցակործան դեմառդեմի խրամատները, լավ իմանալով, որ դա ելք չէ, ոչ էլ ուղի: Այն փակուղի է: Այո, արդարամիտ մարդ, մենք էլ շատ հաճախ տուրք տվեցինք բարձր աղաղակողներին ու աղաղակներին, շինծու կուրծք ծեծողներին, զինվորագրվեցինք ստին, համակերպվեցինք փրփուրին, կեղտին, տեսանք, բայց լռեցինք, լսեցինք ու խուլ ձեւացանք, հավատացինք, երբ պետք էր հասկանալ, ընդունեցինք, երբ պետք էր ստուգել...



Հասկանանք, որ իրենց էլ մենք ենք երբեմն հանիրավի վիշտ պատճառել, անպարագա կորուստ ու անպատճառ դաժանություն, որ մենք էլ մեր մերժ «ղեկավարներն» ենք ունեցել (եւ դեռ ինչքա՜ն ունենք)` «ասֆալտի» շքանշանաշատ ֆիդային ու հաշիշամոլ «ազատարարը», «գաղափարակիր» թալանչին ու բռնաբարողը...



Եղել է եւ հավատավորը: Նվիրյալը: Իրական իսկական հերոսը: Մահացել են շատերը, զոհվել: Երկուստեք անդարձ, ափսոս կորուստներ: Զինվոր էին ու գնում էին հանուն հայրենիքի ու միայն առաջ: Հաղթանակի համար: Հրամանատարը իրավունք չունի չմտածել նաեւ նահանջի մասին, ղեկավարը` խաղաղության, առաջնորդը` հաշտության, գրողը` սերնդի: Եվ ճշմարտության: Եվ թշնամության ու ատելության, որ լիուլի է այլեւս, համատարած: Հարգանքի ու պարկեշտության: Մարդու մասին:



 



ՀԳ - Ամբողջ Ադրբեջանում համատարած արշավ է գրքի ու հեղինակի հանդեպ: Զրկել են պատվավոր կոչումներից, այրում են գրքերը, սպառնում իրեն ու հարազատներին: «Ոգեւորվել» է պալատական մտավորականությունը: Բայց իսկական Ադրբեջանը կարծես թե լուռ է: Լուռ են ճշմարիտ մտավորականները: Ոչ-սաֆարովյան Ադրբեջանը մտածում է, կուզեի հավատալ` նաեւ ամաչում: Կուզեի հավատալ, եւ մեզ է պետք օրը խոստովանության: Գրքի առթիվ ռուս Լեւ Անինսկին գրել էր. «Երկուստեք ապաշխարանք է անհրաժեշտ, երկուստեք մարդիկ պետք է կարողանան հաղթահարել իրենք իրենց, իրենց վրայով կարողանան քայլ անել ատելությունից այն կողմ...»...



Այլիսլին արել է, առայժմ` մեն-մենակ...



 



Վլադիմիր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ