Հայը՝ թռչող գորգի վրա

Հայը՝ թռչող գորգի վրա
Աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ երախտագիտության ու հիացմունքի զգացումով է լցվում` լսելով Քըրք Քըրքորյանի անունը: Մուլտիմիլիոնատերը նաեւ մեծ բարերար է ու երբեք չի մոռանում ոչ հայրենիքի, ոչ իր ծագման մասին: Նրա կյանքն իսկական ֆիլմի սյուժե է, նա իսկական հերոս է, որի մասին կարելի է հիացմունքով ու հպարտորեն խոսել: Նա մեկն է աշխարհի հայերից, որ հաղթահարել է ցեղասպանության խարանն իր կյանքից ու իր արյունից` իր աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ: Այս մարդուն է այսօր պատկանում Լաս Վեգասի խաղատների մոտ 40 տոկոսը, նրա MGM կինոստուդիայում է «ծնվում» աշխարհի ամենահայտնի կինոհերոսը` Ջեյմս Բոնդը, նա ունի նաեւ ավտոմոբիլային կոնցեռն ու օրական վաստակում է… 600 հազար ԱՄՆ դոլար: Արդեն մոտենում է 100-ին եւ 80-ում նորից երեխա է ունենում: Այսպիսին է հայազգի մեծ բիզնեսմենը: Իսկ ինչպես է սկսվել ամեն ինչ… 1915 թվականին Նահանգներ արտագաղթած աղքատ ու սոված ընտանիքի զավակ: Նա ճաշակել է աղքատության ամենադառը օրերը, սովից չի քնել, խաբել է ու իրեն ավելի մեծ ներկայացրել, որպեսզի աշխատանքի ընդունվի, ու երազել է… երազել է թռչելու մասին, այնպես, ինչպես հայտնի գրքի հերոս Ջանաթան Լիվինգստոն ճայը: Այդ թռիչքին արժանի են նրանք, ովքեր ոչ միայն երազում են, այլեւ քրտնաջան աշխատում: Քըրքը երազում էր օդաչու դառնալ ու դառնում է: Հետո փորձում է իրեն առեւտրի մեջ, էժան գնում՝ թանկ վաճառում: Բիզնեսի բնատուր հոտառությամբ, նա արագորեն առաջ է գնում: Քըրք Քըրքորյանը, լինելով աշխարհի գերհարուստներից մեկը, երբեք չդարձավ հրապարակային, շոուների եւ «աստղային» կյանքի մարդ, նա մնաց փակ ու համեստ լրագրողների առաջ, որոնք նրան անվանում են. «Հայը` թռչող գորգի վրա»: