Զորի Բալայանը չի հորդորել դադարեցնել հացադուլը

Զորի Բալայանը չի հորդորել դադարեցնել հացադուլը
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է, գրեթե յուրաքանչյուր ոք ուզում է ինչ-որ բան խորհուրդ տալ եւ ինչ-որ կերպ աջակցել «Բարեւի հեղափոխության» առաջնորդին: Որոշ տեղեկությունների համաձայն, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը նույնպես փորձել է Րաֆֆի Հովհաննիսյանին հետ պահել հացադուլից, նա անգամ զրուցել է Հովհաննիսյանի ծնողների հետ եւ նրանց նույնպես հորդորել, որ համոզեն Րաֆֆիին՝ դադարեցնել հացադուլը:



Մեզ հետ զրույցում, սակայն, Զորի Բալայանը նշեց, որ ոչ մեկին չի հորդորել դադարեցնել հացադուլը. «Ես 15 տարի է՝ այդ մարդկանց հետ կապի մեջ եմ, մենք շատ հաճախ ենք իրար հետ խոսում: Ես շատ եմ տխրում, որ Րաֆֆին հացադուլ է հայտարարել, բայց ես ոչ մի բան չեմ հորդորել, ես շատ լավ գիտեմ այդ ընտանիքին, ինձնից ոչ մի բան մի հարցրեք, որովհետեւ այն, ինչ կատարվում է, դա նրա սահմանադրական իրավունքների շրջանակի մեջ է, ուրիշ ոչ մի բան»: Բալայանը նշեց, որ մինչեւ հացադուլ հայտարարելն է նրա հետ զրուցել, բայց չի հանդիպել նրան: Զորի Բալայանը նաեւ նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, լինելով ընդդիմության լիդեր, բացարձակապես իրավունք ունի յուրաքանչյուր քայլի դիմել: «Դա իրեն իրավունքն է, եւ ժամանակին ես էլ եմ հայտարարել հացադուլ Վիկտոր Համբարձումյանի եւ Սոս Սարգսյանի հետ»՝ հիշեց մեր զրուցակիցը, ով այս օրերին գտնվում է Ղարաբաղում: