Էս ու՞ր հասանք

Էս ու՞ր հասանք
Կարդում եմ «Առավոտի» հոդվածներից մեկը՝ «Իրանցին հայ կնոջն անպատվել ու ծեծել է» վերնագրով, եւ համակվում եմ զարմանքով, զզվանքով, զայրույթով ու վախով, եւ այս ամենը՝ միանգամից: Հոդվածը վերաբերում է մի հայուհու, Արցախյան ազատամարտի մասնակցի, ում ծեծել, մատը կծել, հայհոյել է Իրանի մի քաղաքացի, եւ խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ այս ամենը տեղի է ունեցել հրապարակում: Այն էլ այն պատճառով, որ հայ կինը բացատրություն է պահանջել իրանցու այն արտահայտության համար, մեջբերում եմ՝ «Ձեզ քիչ է, լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը կտրվի»:Էս ո՞ւր հասանք, պատերազմին մասնակցած հայ կնոջը վիրավորեն եւ ծեծեն հրապարակում եւ մինչեւ այսօր դեռ դատապարտված չլինե՞ն, ախր ավելի քան հաստատ համոզված եմ, որ եթե որեւիցե հայ տղամարդ էդ տականքի արածների թեկուզ 10 տոկոսն արած լիներ, ականատեսները կքարկոծեին կամ ողջ-ողջ կայրեին, եթե նույնիսկ ոստիկանները նրան կարողանային ողջ խլել ամբոխի ձեռքից, ապա հետագայում հրապարակայնորեն կախաղան հանելու համար միայն: Պատկերացնո՞ւմ էք՝ այդ ստահակը Հայաստանում վիրավորել է մեր ազգային առանցքային գաղափարներից մեկը՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, այն դեպքում, երբ Ֆրանսիայում ոչ հայազգի սենատորը պայքարում է ցեղասպանությունը մերժելու-ժխտելու համար պատիժ սահմանելու նպատակով: Իսկ այս պարագայում անցյալ տարվա հուլիսի 31-ից մինչ օրս մեր դատական համակարգը չի կարողանում վճիռ կայացնել այդ տականքի նկատմամբ, դեռ ավելին՝ ըստ հոդվածի, դատախազը, դատավորը եւ ոստիկանները փորձում են  համոզելով- սպառնալով տուժող կնոջը՝ ստիպել, որ փոխի ցուցմունքները, գումար են առաջարկում, վկաներին են ահաբեկում: Արդարադատության նախարար, ո՞ւր ես նայում, մյուս պետական այրեր՝ քոռացե՞լ եք, կինը ԵԿՄ անդամ է: Դուք՝ պարոն Մանվել, ի՞նչ կասեք: Էդ տականքը մեր հայրենակցին մեր երկրում ո՞նց է կարողացել ծեծել, վկաներ կան՝ մեջները մի թասիբով տղա չկա՞ր: Եթե ստույգ է այն փաստը, որ այդ ստահակը մեր դրոշի տակ հանդես եկող սպորտսմեն է, ապա այսքանից հետո խայտառակություն է նրան թույլ տալ մեր հավաքականում հանդես գալու, թեկուզեւ օրական 100 հատ ոսկե մեդալ վաստակի: Ո՞վ է դա, ովքե՞ր են դրան հովանավորողները, պաշտպանողները, եթե նա ունի դատապաշտպան եւ այն էլ ազգությամբ հայ, ուրեմն մի թուրք էլ նա է, որ պատրաստ է պաշտպանել նման տականքին: Սթափվեք, սիրելի հայրենակիցներ, էս ո՞ւր հասանք:



 



ԱՌՈԼ