«ՖԱՈՒՍՏուտոպիա»` Անուշ Քոչարյանից

«ՖԱՈՒՍՏուտոպիա»` Անուշ Քոչարյանից
Օրերս «Թոմ Քոլինզ» ակումբում տեղի ունեցավ լրագրող, գրող Անուշ Քոչարյանի «ՖԱՈՒՍՏուտոպիա» պիեսի հանրային ընթերցումը եւ քննարկումը: «ՖԱՈՒՍՏուտոպիան» Անուշի առաջին պիեսն է, որը գրել է շուրջ մեկ տարի, եւ որը թարգմանվել է անգլերեն ու ներկայացվել BBC-ի ռադիոպիեսների համաշխարհային մրցույթին: Դրաման սկսվում է Տիկին Մ.-ի եւ Ֆաուստի երկխոսությամբ, բայց նրանց անցյալը, որ մշտապես խանգարում է հերոսուհուն, թվացյալ է, երեւակայական: Կնոջ հիմնական ենթագիտակցական շերտերը, որտեղ բնակվում են պիեսի հերոսները` Երեւակայական գեղեցկուհին, Ֆաուստը, սիրեկանները, լցվում են տարատեսակ մտքերով: Գոյություն ունեն միայն տիկին Մ.-ն եւ սիրեկանները: Պիեսում մի քանի անգամ թե Ֆաուստը, թե Տիկին Մ.-ն նույնանում են, ժամանակների եւ հերոսների միջեւ բոլոր կապերն էլ կարծես ջնջված են: Անուշի խոսքերով, Ֆաուստը, ինչպեւ եւ Երեւակայական գեղեցկուհին, Տիկին Մ.-ի երեւակայական աշխարհում են. «Իրականում ամեն բան պարզ է ի սկզբանե.... Պարզ է այն առումով, որ կան արդեն իսկ արտահայտություններ, որոնք հետագայում մղելու են գործողության: Տիկին Մ.-ն մենակ չի գործում, ինչպես բոլոր այն կանայք, որոնք մշտապես փնտրում են խելամիտ կողակցի, բայց, մշտապես ավելիին ձգտելով, հաճախ կորցնում են ամեն բան: Ֆաուստն այս տեսանկյունից երկատված է: Այն եւ Տիկին Մ.-ի իդեալական տղամարդու կերպարն է, եւ Ֆաուստը, որն ամեն բան գիտի ի սկզբանե»: Անուշին հարցնում եմ. դժվար չէ՞ր գրելու ընթացքում դերավորվել թե Ֆաուստի, թե Տիկին Մ.-ի եւ թե նրա սիրեկանների կերպարում: «Իմ խորին համոզմամբ, չկա որեւէ մեկը, ով վերապրման ընդունակ չէ: Ուղղակի դրա համար պետք է ապրել այնպես, որ վերապրելու նյութը բազմապրոֆիլ լինի»: Որպես կանոն, երբ ինչ-որ բան ես գրում, գիտակցաբար թե ենթագիտակցաբար, որոշ բաներ հենց քեզնից ես ներդնում հերոսներիդ մեջ, ու եթե այդպես է, ի՞նչ է ներդրել Անուշից Ֆաուստի մեջ, պատասխանն ավելի քան անկեղծ է. «Մի անգամ, ավելի նեղ շրջանակում կարդալու ժամանակ, երբ Հայաստանում էին ամերիկահայ ընկերներս, հուզված ասացի, որ սարսափելին այն է, որ այս պիեսում ես դրել եմ եւ ապրածս, եւ այն, ինչ կանխատեսում եմ...»: Քննարկման ժամանակ, որին ներկա էին մի շարք արվեստագետներ, ռեժիսորներ, կինոգետներ, դերասաններ, պիեսի ճակատագիրն արդեն ինչ-որ չափով կանխորոշվեց, ավելին` հեղինակն անգամ բեմադրության առաջարկ ստացավ ռեժիսոր Արթուրո Սայանի կողմից, իսկ Արմեն Մազմանյանի կողմից էլ՝ բեմահարթակ տրամադրելու պատրաստակամություն: