Խուլիո Կորտասար. «Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի»

Խուլիո Կորտասար. «Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի»
«Բորխեսն ինձ եւ ողջ մեր սերնդին ուսուցանեց խիստ պահանջկոտությունն ինքդ քո հանդեպ, սովորեցրեց սթափ գնահատել ինքդ քեզ, սովորեցրեց չտպագրել որեւէ բան, ինչը, մասնագիտական տեսանկյունից, շատ լավ չի արված»,- ասում էր ողջ Լատինական Ամերիկայի մշակույթին հռչակ բերած արգենտինացի արձակագիր Խուլիո Կորտասարը, որն իր կյանքի զգալի մասն ապրեց Փարիզում եւ իր սիրելի քաղաքում գրեց վեպերն ու պատմվածքները:    



Կորտասարի պատմվածքների առաջին ժողովածուն լույս տեսավ, երբ նա արդեն հասուն տարիքում էր: Չնայած Կորտասարն իր լավագույն ստեղծագործությունը համարում էր «Սյունակախաղ» վեպը, դժվար է լատինաամերիկյան գրականությունը պատկերացնել առանց նրա պատմվածքների, որտեղ լիովին ընդգծվում է ու բացվում կորտասարյան գեղագիտության պատկերը, գրողական նրա մեծ տաղանդն ու կարճ տարածության մեջ խտացման վարպետությունը:



«Ինձ համար պատմվածքը ամբողջական եւ ինքն իր մեջ պարփակված տեքստ է, այն կատարման բարձր մակարդակ է պահանջում, այլապես անհրաժեշտ տպավորությանը չես հասնի: Ես նկատի ունեմ ոչ թե արտաքին, այսինքն՝ ֆորմալ կատարումը, այլ ներքին ավարտունությունը, գրողը պիտի նեցուկ լինի եւ լրացնի՝ անբասիր կերպով տիրապետելով լեզվին: Այլ կերպ ասած, լեզուն դատապարտված է անսխալականորեն ճիշտ լինելու: Պատմվածքի մեջ չեն կարող ավելորդ ածականներ լինել: Այնտեղ չի կարող լղոզված ինչ-որ բան լինել, եթե, իհարկե, դա չի բխում հենց պատմվածքի բնույթից: Կարճ ասած, եթե դիմենք պոեզիայի հետ համեմատելուն, ապա պատմվածքը սոնետի նման մի բան պետք է լինի: Այն, ըստ իս, ինչ-որ ֆորմալ հենք ունի, շատ խիստ, շեղումներ չթույլատրող»,-  Էվելինի Պիկոնի հետ հարցազրույցում կիսվում է Կորտասարը:



«Նամակ Փարիզում գտնվող մի օրիորդի» պատմվածքի հերոսը, որ ժամանակավորապես  բնակվում է Փարիզի Սուիպաչա փողոցի վրա գտնվող շենքի բնակարաններից մեկում, նամակ է գրում տանտիրոջը` պատմելով իր առօրյա կյանքի, իր մտածումների ու ապրումների մասին: Թվում է՝ այս ամենը հստակ ու ընկալելի մի իրավիճակ է, բայց հանկարծ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալիս: Կորտասարը սկսում է իր անորսալի խաղը. սկսում է անհավանական տեղից ու ձեւով: Քայլառքայլ իրականությունը ճկվում է երեւակայության ճնշման ներքո` ինքն իրեն հեռացնելով պատումից: Կորտասարի համար իրականության սահմանները թափանցիկ գծերի են նման: Երբ ուզի՝ կտեսնի, երբ չուզի` ոչ մի ճիգով սահմանները չեն երեւա: Եվ Կորտասարն առաջարկում է նոր իրականություն, որտեղ, պարզվում է` պատմվածքի հերոսն իրար ետեւից փոքրիկ ճագարներ է փսխում: Ճագարները գնալով զավթում են ողջ բնակարանը: Հերոսի մենակությունը, տխրությունն ու անհաջողությունները ասես բերանից դուրս սպրդող ճագարների միջով են ազատագրվում:



 



Արամ ՊԱՉՅԱՆ