Արցախահայությունը սկսել է կոտրել հոգեբանական պատնեշը. «Սարդարապատ»

Արցախահայությունը սկսել է կոտրել  հոգեբանական պատնեշը. «Սարդարապատ»
«Սարդապատ» շարժումը  տարածել է հայտարարություն, որում  ասվում է.



«Հայաստանում հանուն ազատության, արդարության եւ արժանապատվության բարձրացած ժողովրդային ներկա ալիքը համընկավ Հայրենիքի հետ վերամիավորվելու Արցախյան շարժման 25-րդ տարեդարձին: 



Թեեւ Արցախը համահայկական պայքարի շնորհիվ ազատագրվել եւ փաստացի միացել է Հայաստանին, այնուամենայնիվ անցնող երկու տասնամյակների ընթացքում այն արհեստական միջոցներով` հոգեբանորեն, իրավականորեն եւ վարչականորեն պահվել է Հայրենիքից որոշակի հեռավորության վրա եւ այդ հանգամանքը Հայաստանում տիրող վարչախումբը տեւաբար ծառայեցրել է իր շահերին:



Ներկայումս արցախահայությունը` ի դեմս իր ազգային եւ քաղաքացիական գիտակցության տեր հանդուգն ներկայացուցիչների, առաջին անգամ միացել է Երեւանում եւ Հայաստանի այլ շրջաններում ծավալվող հայրենակիցների պայքարին, ինչի դրսեւորումը եղավ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, քաղաքացիական շարժման ներկայացուցիչ, նախկին հրամանատար Վահան Բադասյանի ելույթը Երեւանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքներից մեկում: Արցախահայությունն այսպիսով, ի սարսափ Երեւանում նստած վարչախմբի ու նրա ստեփանակերտյան դրածոների, սկսել է կոտրել արհեստականորեն ստեղծված հոգեբանական պատնեշը եւ վարչախմբի ձեռքից խլել Արցախյան հարցի շահարկման հաղթաթուղթը:



Վարչախումբը, գիտակցելով, որ սկսել է կորցնել իր զինանոցի ամենակարեւոր զենքերից մեկը, Արցախի իր դրածոների միջոցով անցել է բիրտ հակազդեցության: Այն «բարձրացել» է ողորմելիության այնպիսի աստիճանի, որ Արցախի արժանապատիվ հայրենակիցների նկատմամբ ի գործ է դնում հալածանքի այն նույն մեթոդները, որոնք 25 տարի առաջ ազատագրական շարժման ակտիվիստների դեմ կիրառում էր Բաքվի կամակատար հայանուն Բ. Կեւորկովը:



Արցախում Բաղրամյան 26-ի փաստացի լիազոր, վերջին երկու տասնամյակներում իր կասկածելի վարքով հայտնի գեներալ Արթուր Աղաբեկյանը Վահան Բադասյանին հրապարակայնորեն ներկայացրեց «հակապետական գործունեություն» վարելու եւ «կրակի հետ խաղալու» մեղադրանքներ: Իսկ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հիշեցրեց, որ  ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն «երկու առանձին սահմանադրություններով», «երկու առանձին պետություններ» են: Բադասյանի դեմ սկսել են նաեւ հարկային բնույթի հալածանքներ: Նորկեւորկովները նաեւ խորհրդային մեթոդներով դիմում են «կոլեկտիվների» անունից ակտիվիստներին պախարակելու փտած ոճին` իրենցից նյութական եւ ծառայողական կախման մեջ գտնվող մարդկանց ստիպելով հանդես գալ պատերազմի հերոսի դեմ: Ոստիկանական ջոկատներն արգելում են ընդդիմադիր պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ:



Նորկեւորկովները պետք է հասկանան, որ պատմության անիվը հետ տալն անհնարին է: Այնպես, ինչպես մոտ անցյալում համազգային պայքարի շնորհիվ Արցախն ազատագրվեց Բաքվի ու նրա դրածո Կեւորկովի լծից, նույնպես եւ ներկայումս Արցախը ներառող միասնական Հայաստանը համահայկական ուժերով ազատվելու է նորգաղութարարության շահերը ներկայացնող եւ մեր երկիրն ու ժողովուրդն ստրկացնող այս վարչախմբից ու նրա նորկեւորկովյան ղեկավարությունից»: