Մասնակցությո՞ւն, թե՞ հաղթանակ

Մասնակցությո՞ւն, թե՞ հաղթանակ
Ամիսներ առաջ ձեւավորված «Առաքելություն» կուսակցությունը, որի նախաձեռնողները մի խումբ երիտասարդներ են, որոշել է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:



 



Առաջիկա օրերին էլ կհրապարակեն իրենց ցուցակի առաջին համարների անունները, ովքեր հիմնականում կուսակցության քաղխորհրդի անդամներն են, ինչպես նաեւ անկուսակցական անձինք, ովքեր, կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանի խոսքով, Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ կիսում են կուսակցության տեսակետը եւ ասելիք ունեն: «Մենք բաց ենք անկուսակցականների համար, եւ ցուցակի որոշ անցողիկ տեղերը կզբաղեցնեն անձինք, ովքեր հանրությանը հայտնի չեն, պարզապես հասարակ անկուսակցական քաղաքացիներ են, ովքեր իսկապես ասելիք ունեն»: Առաքելյանն ասաց, որ այդ անկուսակցական քաղաքացիների հետ արդեն համաձայնություն ձեռք են բերել, բայց առայժմ ձեռնպահ մնաց անուններ հրապարակելուց: «Ցուցակը մինչեւ երկուշաբթի կհրապարակենք, եւ ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց Առաքելյանը:



 



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են նաեւ փորձառու գործող քաղաքական ուժերը, որքանո՞վ եք մրցունակ համարում ձեր ցուցակը՝ հետաքրքրվեցինք մենք: «Թեեւ առաջին անգամ ենք մասնակցում ընտրություններին, իսկ կուսակցությունը մի քանի ամսվա կյանք ունի, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ քաղաքական դաշտի ակտիվ մասն էլ կմասնակցի ընտրություններին, ամեն դեպքում, մեզ համար որոշակի լավ արդյունքի կհասնենք»,-հույս հայտնեց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամը: Թե որն է «որոշակի լավը»՝ ընդամենը մասնակցությո՞ւնը, թե՞ անցողիկ շեմը հաղթահարելը, Մեսրոպը չասաց: Նշենք, որ ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված՝ առաջադրումների դեռ ոչ մի դիմում չի ստացել: