ՍԴ-ն իրականացրեց սպասված «արդարադատությունը»

ՍԴ-ն իրականացրեց  սպասված  «արդարադատությունը»
Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումից հետո հայտարարեց. «Դատարանը, մերժելով մեր միջնորդությունները, համալրեց այն հանցագործների շարքերը, ովքեր փետրվարի 18-ին գողանում էին ՀՀ քաղաքացու քվեները: Այո, Սերժ Սարգսյանը գողացել է ՀՀ քաղաքացիների քվեները»:



 



Նշենք, որ Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների վերջնական արդյունքներն ամփոփող որոշումը: Իսկ ինչ վերաբերում է հայցվոր կողմի դիմումի վերջին պահանջին՝ ընտրված համարել Րաֆֆի Հովհաննիսյանին, ՍԴ-ն գտավ, որ  վերջինիս հաղթանակի մասին վկայող փաստեր չեն ներկայացվել դատարան։ Զարուհի Փոստանջյանը այդուամենայնիվ շարունակեց պնդել, որ «ընտրության օրը եւ հետո՝ թե իրավապահ մարմինները, թե ԿԸՀ-ն, թե ՏԸՀ-ները ցուցաբերել են բացարձակ անգործություն, եւ այդ պայմաններում խոսել որեւէ իրավական պաշտպանվածության մեխանիզմի մասին՝ անհեթեթություն է»:



 



ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ հայտարարեց, որ «կողմի ներկայացրած սին դատողություններն ու գնահատականները, մեղմ ասած, անընդունելի են»: Այդուամենայնիվ, ՍԴ-ն որոշ նկատառումներ ներկայացրեց գործող օրենսդրության վերաբերյալ եւ օրենսդրական բարելավումների անհրաժեշտությունն առաջ քաշեց՝ ընտրությունների վերաբերյալ անվստահության մթնոլորտը վերացնելու նպատակով: «Ես շարունակելու եմ որպես ԱԺ պատգամավոր մտածել, թե էլ ինչ քայլ կարող եմ կատարել, որպեսզի մենք ավելի նվազեցնենք ընտրություններից հետո քաղաքական հայտարարություններ անելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, այն գործիքները, ինստիտուտները,  որոնք կան, պետք է գործածել, որից հետո, եթե նոր հարցադրումներ արվեն բարելավումների վերաբերյալ, ես դա կհասկանամ»,-անդրադառնալով բարեփոխումների հարցին՝ ասաց ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, չբացառելով, որ հնարավոր է ԸՕ-ի հետ կապված առաջարկություններով հանդես գա:



 



ՍԴ-ն իր երեկվա որոշման մեջ, կարելի է ասել, անգամ քննադատեց հայցվոր կողմի դիմումը եւ ներկայացված 10-ից ավելի միջնորդությունները: «Ժամանակին իրենց առնչվող մասով այդ գործողությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը դիմողի ներկայացուցիչները ձգտում էին լրացնել ոչ իրավաչափ կամ գործնականում անիրագործելի միջնորդություններով, հանրային տպավորություն ստեղծելով, որ Սահմանադրական դատարանն իբր կարող էր, սակայն չցանկացավ իրականացնել այն, ինչն իրենք էին պարտավոր օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել եւ ապացուցողական նշանակություն ունեցող իրավական փաստարկներով հիմնավորված դիմում ներկայացնել ՍԴ»,-ընթերցեց Գագիկ Հարությունյանը։