Ո՞րն է ավելի վտանգավոր

Ո՞րն է ավելի վտանգավոր
«ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում («Գետամեջ» ապրանքանիշ) իրականացված ստուգման ընթացքում բացահայտված մի շարք խախտումներից հետո (բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ եւ այլն) ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշեց արգելել ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը, արտադրանքը հանել շրջանառությունից եւ տեղեկացնել սպառողներին այդ մասին:



 



«ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ն Հայաստանի միակ տնտեսվարողը չէ: 2012 թվականին Ծառայությունը 494 տնտեսվարողի մոտ թերություններ է հայտնաբերել` մակնշման անհամապատասխանություններ, հայերեն մակնշման բացակայություն, արտադրության օրվա բացակայություն, օգտագործման վերջնաժամկետի բացակայություն, պիտանիության ժամկետն անցած ապրանք եւ այլն: Սրա արդյունքում որեւէ տնտեսվարողի գործունեությունը չի արգելվել: Նույն 2012 թվականին Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչությունը ստուգել է 239 տնտեսվարողի եւ յուրաքանչյուրին 70-900 հազար դրամի տուգանք սահմանել, ընդհանուրը` 35,255 միլիոն դրամի: Ամենախիստը պատժվել է Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան` նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտման համար 900 հազար դրամ: Նույն խախտման համար «Գալստյաններ հայր եւ որդի» մսամթերք արտադրող ընկերությունը տուգանվել է 600 հազար, իսկ պաղպաղակի եւ հրուշակեղենի արտադրության «Էլիտ Շանթը»` 300 հազար դրամ, եւ կարգադրվել է արտադրանքի իրացումը կասեցնել: Արտադրանքի իրացումը կասեցնելը դեռ չի նշանակում արտադրական գործունեությունն արգելել:



 



Նշված 239 տնտեսվարողի ստուգման արդյունքում տեսչությունն արգելել է ընդամենը չորս տնտեսվարողի` ալյուրի արտադրության «Սամ Հար» ընկերության, կաթնամթերքի արտադրության «Դուստր Մարիաննա», կաթնամթերքի արտադրության «Թամարա եւ Անի», մսամթերքի արտադրության «Աթենք» ընկերությունների արտադրական գործունեությունը: Պատճառը մեկն է` նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտում: Պանրի արտադրությամբ զբաղվող մոտ մեկ տասնյակ ընկերությունում ծառայությունն արգելել է արտադրական գործունեության առանձին գործառույթները, դարձյալ նույն` նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների խախտման հիմքով:



 



Իսկ ահա, անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական ծագման մթերքի եւ հումքի, վերամշակված կերերի, լրացակերերի, սննդում օգտագործվող սնկերի իրացման համար «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնը» տուգանվել է ընդամենը 100 հազար դրամ: Նույն պատճառով նույնքան տուգանվել է «Անի Պլազա հոթել» ընկերությունը: «Ա. Օհանջանյան» սպանդանոցը տուգանվել է 400 հազար դրամ, մի շարք պատճառներով` պետական գրանցում չստացած անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, իրացման, պետական գրանցում ստացած անասնաբուժական դեղամիջոցների իրացման` առանց ծագումը եւ ձեռքբերումը հավաստող փաստաթղթերի:



 



Հիմա հարց է ծագում՝ ո՞րն է ավելի վտանգավոր սպառողներիս համար. «Գետամեջի» կեղտոտ բեռնարկղե՞րը, որոնք տեսնելով, պետությունն իրավացիորեն պատժում է տնտեսվարողին` արգելում գործունեությունը, թե՞, ասենք, «ճՈռվՈÿ ՍՏսոՈրՈ» ապրանքանիշի երշիկը` առանց արտադրության օրվա մակնշման, կամ «Բեկոն պրոդուկտ» ընկերության մսամթերքը` առանց հայերեն մակնշման, անհայտ ծագման, անընթեռնելի արտադրության օրով կամ արտադրության օրվա բացակայությամբ` որոնք միայն տուգանվում են:



 



ՀԳ - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատեսում է այս տարի ստուգել 667 տնտեսվարողի՝ «Կոտայք» գարեջրի գործարան, «Ջերմուկ գրուպ», «Ջերմուկ մայր գործարան», Ավշարի գինու գործարան, Արտաշատի պահածոների գործարան, «Աշտարակ կաթ» եւ այլն:



 



Արամ ԶԱՔԱՐՅԱՆ