Մտորումներ ԲՀԿ առանցքի շուրջ

Մտորումներ ԲՀԿ առանցքի շուրջ
Նախ փորձենք հասկանալ, թե ինչ է ԲՀԿ առանցքը, եւ ինչ են հասկանում ԲՀԿ-ականներն իրենք՝ ԲՀԿ առանցք ասելով: Արդյոք դա գաղափա՞ր է, որի շուրջ կոչ են անում միավորվել: Գո՞րծ է, ծրագի՞ր, թե՞ շոշափելի մի բան, որի շուրջ ուղղակի պետք է հավաքվել:



 



Արդյոք ԲՀԿ առա՞նցքը նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ քաղաքագիտական վերլուծություններ էր անում՝ այդ կուսակցության հետ ՀԱԿ անցնելիք ճանապարհը հարթելու հույսով: Եթե այո, ապա ի՞նչ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը՝ ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ի վրա, ԲՀԿ-ի մեջ, ԲՀԿ-ի առանցքի շուրջ ասելով:



 



Վերջապես՝ եղե՞լ են դեպքեր, որ ինչ-որ քաղաքական ուժեր ու անհատներ հավաքվեն ԲՀԿ առանցք ասվածի շուրջ եւ, մեղմ ասած, «կենդանի» մնան դրանից հետո՝ որպես քաղաքական ուժ եւ քաղաքական անհատ: Սա շատ կարեւոր հարց է այն առումով, որպեսզի հասկանանք՝ վտանգավոր բան չէ՞ արդյոք ԲՀԿ-ի առանցքը, եւ դա այն որդնյակը չէ՞, որ մսաղացի պարունակությունը հրում է դեպի բազմաթեւ դանակն ու ցանցը, որից հետո կոտլետի լավ «ֆարշ» է ստացվում: ՀԱԿ-ի տխուր ճակատագիրը, զանազան մանր-մունր կուսակցությունների, տարատեսակ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքական դեմքերի անհետացումը ԲՀԿ հորձանուտներում մեզ լավատեսության հիմքեր չեն տալիս: Իսկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ընդհանրապես հրաշքով ազատվեց «ֆարշ» դառնալու անխուսափելի վտանգից ու, կարելի է ասել, փրկվեց հայ ժողովրդի համար:



 



Գագիկ Ծառուկյանն ասում է՝ բոլորը, անկախ կուսակցական պատկանելությունից, կարող են համախմբվել ԲՀԿ առանցքի շուրջ: Օրինակ՝ ՕԵԿ-ն ու ՕԵԿ-ականները կարո՞ղ են: Իսկ ՀՀԿ-ականնե՞րը: Ծառուկյանի հայտարարությունը, կարծես, դա չի բացառում: Բայց նման բան տեղի չի ունենում եւ տեղի չի ունենա, որովհետեւ ԲՀԿ առանցք ասվածն ընդդիմադիրների համար է միայն հրապարակ հանվել՝ հատուկ այս պայմանների համար, երբ իշխանություններին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ճեղքել դժգոհ հասարակության ճակատը:



 



Այս ամբողջն ի մի բերելով, պատասխանենք հարցին՝ ի՞նչ է ԲՀԿ առանցքը: Քաղաքական պրոյեկտ՝ գծագրված Գագիկ Ծառուկյանի, փողի եւ մի քիչ էլ ԲՀԿ երեւույթի շուրջ: Այդ պրոյեկտով, փաստորեն, ընդդիմադիրներին առաջարկվում է այն, ինչ չի կարողանում բարձրաձայն առաջարկել իշխանությունը՝ որպես փոխզիջում:



 



Ի՞նչ տեղի կունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո: Կփոխվի՞ կոալիցիայի կազմը, թե՞ կմնա նույնը: Ինչ էլ լինի, Երեւանի ավագանու ընտրություններից հետո է միայն լինելու: ԲՀԿ-ն, մինչ այդ ընտրությունները, որեւէ կտրուկ քայլով չի բացահայտի իր հետագա պլանները: Բայց այնուամենայնիվ նկատենք, որ նախկին կոալիցիոն համաձայնագիրն էլ պաշտոնապես չի դադարել գործելուց: Ճիշտ է, պաշտոնապես ԲՀԿ-ն այսօր կոալիցիայում չէ, բայց նաեւ որեւէ քայլ չի արել կամ հայտարարություն, որ հրաժարվում է գործող պայմանագրի կետերից: Նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելը, իրականում, այդ պայմանագրի տառի պահպանումն էր ԲՀԿ-ի կողմից՝ սատարել գործող նախագահի թեկնածությունը: Սատարե՞լ են, թե՞ շատ չեն սատարել՝ այլ հարց է, բայց նաեւ չեն խոչընդոտել, ինչը նույնպես սատարելու տեսակ է:



 



Այսօր արդեն գործողության մեջ է կոալիցիոն համաձայնագրի մյուս, առավել երկարաժամկետ կետը՝ համատեղ ուժերով պայքարել մարտահրավերների դեմ: Բնականաբար, այլընտրանքային դիրքերից սա ավելի հեշտ իրականացվելիք խնդիր է, քան կոնկրետ մարդու թեկնածության դեմ թեկնածություն դնել-չդնելու դիլեման: Եվ ահա, ԲՀԿ-ն մեծ եռանդ եւ աշխատասիրություն է ցուցաբերում՝ բոլորին միավորել այդ մարտահրավերների դեմ: Բոլորին, բացի ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Գագիկ Ծառուկյանի խորամանկությունն զգո՞ւմ եք: Դե իհարկե դա անձամբ Գագիկ Ծառուկյանի խորամանկությունը չէ: Քաղաքական պրոյեկտների շտեմարանը, հարգելիներս, իրականում այլ տեղ է…



 



Ինչի՞ կարող է հանգեցնել ԲՀԿ-ի առանցքը, այսինքն՝ մեզ առաջարկված այս պրոյեկտը: Ապրիլի 7-ից ամեն ինչ ավելի պարզ կդառնա, երբ սկսվի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Իսկ առայժմ շատ ավելի ենթադրելի է, որ այս պրոյեկտը, որպես իր առջեւ դրված թիվ մեկ խնդիր, փորձելու է լուծել փողոցի շարժման հարցը՝ կլանելով հնարավորինս մեծ թվով դժգոհների, բոլոր նրանց, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ Ազատության հրապարակի հարթակից ելույթ ունեցող ժառանգականներին եւ նրանց հացադուլավոր առաջնորդին: Դատելով ԲՀԿ-ամետ լրատվամիջոցների հրապարակումներից՝ ԲՀԿ-ն կփորձի իր առանցքի շուրջ պահել նաեւ ՀԱԿ-ի այն մնացորդացը, որ արդյունք է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունների: Դա, իրականում, փոքր պաշար չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է մեծ ազդեցություն ունենալ այդ կոնտինգենտի վրա՝ ձեռնարկելով նոր ՀԱԿ-ի շինարարությունը: Եվ, վերջապես, ԲՀԿ-ն կփորձի իր, այսպես կոչված, առանցքի շուրջ հավաքել նաեւ քիչ թե շատ կենդանության նշույլներ ցույց տվող այլ ուժերի եւ գործիչների, ովքեր մոռացությունից փրկվելու համար քաջություն կունենան հայտնվել այդ մսաղացում:



 



Վերջնարդյունքը կամ պլանկան, որ դրել են ԲՀԿ-ականները, հաղթանակն է Երեւանի ընտրություններում: Դա շատ հավանական է թվում ԲՀԿ-ի հնարավորությունների եւ ՀՀԿ-ի այս տապալման ֆոնին: Բայց, մյուս կողմից էլ՝ ի՞նչ տարբերություն, թե ով է երկրորդը՝ Հանրապետակա՞նը, թե՞ «Բարգավաճը»: Գոնե Գյումրիում կամ Իջեւանում ի՞նչ է փոխվել ԲՀԿ-ի հաղթանակներով: Վերջերս դրանից դժգոհել էր նույնիսկ Գագիկ Ծառուկյանը, երբ հայտարարեց, որ իրեն փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն, թող նրանք գնան գյուղերն ու մարզերը: Այո, այլընտրանք լինելը հեշտ գործ չէ, մանավանդ, երբ համակարգի հետ համատեղ ես պայքարում մարտահրավերների դեմ եւ այն էլ՝ կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում: Ընդդիմությունն իր առաջիկա քայլերը, մեզ թվում է, պետք է պայմանավորի նաեւ այս իրողությամբ, որն ի դեպ նորություն չէ, եթե հաշվի առնենք մեկ տարվա վաղեմություն ունեցող ԱԺ ընտրություններում ու դրանց նախորդած ժամանակահատվածում ԲՀԿ-ի պահվածքը: Այս ընթացքում, ճիշտ է, եղել են բավականին լուրջ տեղաշարժեր, բայց դրանք, ինչպես տեսնում ենք, եղել են ընդդիմադիր դաշտում եւ ոչ համակարգում: Համակարգն ինքնին, ստատիկ վիճակների կողմնակից է, փոփոխությունը բերում է ընդդիմությունը: Կհաջողվի՞ այս անգամ: ԲՀԿ-ի առանցքն այս հարցում բավականին պերճախոս է, բայց չի բացում փակագծերը, թե ինչ է հասկանում հաղթանակ ասելով: Արդյո՞ք ԲՀԿ առանցքը դա համարում է հաղթանակ իշխանության եւ համակարգի նկատմամբ:



 



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ