«Երեւանի գրավումը» հնարավոր չէ անջատ ուժերով

«Երեւանի գրավումը» հնարավոր չէ անջատ ուժերով
Եթե նախագահական ընտրություններում ՀՀԿ խոսափողները հայտարարում էին, որ Սերժ Սարգսյանը ֆավորիտ է, եւ պայքարը լինելու է երկրորդ տեղի համար, ավագանու ընտրությունների շեմին ավելի զգուշությամբ են արտահայտվում:



 



ՀՀԿ-ն բոլորին համարում է ուժեղ մրցակիցներ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Սա, իհարկե, մարտավարության նոր ձեւ է, որն ուշացած կերպով է մտցվել խաղադաշտ, եւ շատ ավելի օգտակար կլիներ, երբ այն գործեր նաեւ նախագահականի ժամանակ: Թե ումն է եղել նման ամպագոռգոռ մտքի առաջին հեղինակային իրավունքը, հիմա արդեն կարեւոր չէ, բայց որ այն գրադ կայանի դեր կատարեց հենց ՀՀԿ-ի դեմ, անժխտելի է… Այսօր Գալուստ Սահակյանը զգույշ է. «Բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են, եւ ես շատ ողջունում եմ, որ ավելի համակարգված են գնում Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները»: Ավագանու ընտրության մասնակցության ձեւաչափով արվող  քաղաքական հայտարարությունները վկայում են, որ  ընտրություններին մեծ կարեւորություն է տրվում, եւ այն նմանվում է «Երեւանի գրավումը» օպերացիայի:



 



Այս պարագայում խոսել ընդդիմության դաշտի կուսակցությունների առանձին-առանձին ընտրության գնալու արդյունավետության մասին, նույնն է, թե ճակատային մարտի գնալուց առաջ առաջացող ուժերի միավորումը համարվի անկարեւոր: Հատկապես այսօր, երբ իշխանությունը, վտանգ զգալով, մոբիլիզացրել է ողջ ուժն ու զրահատեխնիկան: ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միավորումը բարոյական մեծ նշանակություն կարող է ունենալ ընտրազանգվածի վրա: Վստահություն կստեղծվի ընդդիմադիր գործիչների՝  նույն մեխին խփելու գործի նկատմամբ, որին այնքան սպասում է տարբեր ուժերի ընտրազանգվածը: Բարոյական գործոնն այս պարագայում կարող է դառնալ ամենազորեղը: Հետագա միավորման գաղափարը իրավիճակային փոփոխությունների հետ է կապված լինելու, լինելու է քաղաքական առեւտրի շրջանակներում… Իսկ նման առեւտրում, բազմիցս ենք փորձել, իշխանությունը հաղթող է դուրս գալիս…



 



Գաղտնիք չէ, որ այսօր Ազատության հրապարակ է գնում ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընտրազանգվածը, առանձին ընտրությունների գնալու դեպքում լիդերներն իրենց շուրջ կհամախմբեն իրենց զանգվածը, ու կթեթեւանա Ազատության հրապարակը: Ազատության հրապարակում կմնան «Ժառանգության» մաքուր ձայները: Սա այնքան պարզ է, ինչպես մեկին գումարած մեկը: Ազատության հրապարակի շուրջ պետք է դրվեն ընդդիմության դաշտի վրանները, որպեսզի հնարավոր լինի «Երեւանի գրավումը»:



 



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ