Հանցակազմ չկար, զինծառայողն արդարացվեց

Հանցակազմ չկար, զինծառայողն արդարացվեց
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր ժամկետային զինծառայող Սենո Ղուկասյանի գործը: Շարքային Ղուկասյանը մեղադրվում էր ՀՀ քրօր. 359 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը:



 



Ժամկետային զիծառայողը մեղադրյալի աթոռին էր հայտնվել այն բանից հետո, երբ անզգուշություն էր ունեցել ձեռքի արմունկով հարվածելու շարահրապարակում` շարքի մեջ կանգնած ծառայակից ընկերոջը` Արթուր Մկրտչյանին: Վերջինս, որ շարքում Սենո Ղուկասյանի ետեւում է կանգնած եղել, ընկերոջը հորդորել է ուղիղ կանգնել եւ, որպեսզի հորդորն ի կատար ածվի, ոտքով թեթեւակի հարվածել է նրա ոտքին: Հարվածից շարքային Ղուկասյանը կտրուկ շրջվել եւ անզգուշաբար արմունկով հարվածել է ծառայակցի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք, արտահայտված ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձեւով, որ, սակայն, առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում:



 



Դեպքը տեղի էր ունեցել 2012 թ. նոյեմբերի 14-ին, ճաշարան գնալու համար կազմած շարքի մեջ: Սա է ողջ պատմությունը, ինչի համար 19-ամյա զինվորականը հայտնվել էր մեղադրյալի աթոռին:



 



ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից նախապատրաստված նյութերը թերեւս կարող էին քրեական գործ ու դատաքննության առարկա չդառնալ, եթե, Սենո Ղուկասյանի շահերի պաշտպան` հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրվարդ Ասլանյանի փոխանցմամբ, հետաքննական կամ նախաքննական մարմինը վճռական կամք ցուցաբերեր ու նյութերով քրեական գործի հարուցումը մերժեր: «Պաշտպանության նախարարությունում սկզբունքորեն քրեական գործ է հարուցվում անգամ չնչին ապտակի դեպքում: Տպավորություն ունեմ, թե քննիչները խուսափում են լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարել, որպեսզի քրեական գործի վարույթը չկարճվի: Կարծում եմ` նրանց մտավախությունը վերադասի մոտ իրենց անաչառությունը կասկածի տակ դնելն է: Արդյունքում` հարցի լուծման լավագույն տարբերակ է դառնում սառնասիրտ անտարբերությամբ, թերի քննված կամ անհիմն մեղադրանքով գործը դատարան ուղարկելը: Նրանք նույնիսկ չեն էլ մտածում, որ դրանով երիտասարդ ճակատագրեր են խեղում, կենսագրություններ փչացնում»,- ասաց հանրային պաշտպանը: Ըստ նրա` շարքային Ղուկասյանի գործը ասվածի ցայտուն օրինակն է:



 



Այն, ինչ նախաքննության ընթացքում չէր արվել շարքային Սենո Ղուկասյանի գործով կամ արվել էր, բայց կիսատ-պռատ, մանրակրկիտ քննությամբ կատարվեց դատարանում: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը, դատաքննության արդյունքում ամբաստանյալ Սենո Ղուկասյանի գործողություններում հանցակազմ չգտնելով, զինծառայողին վերագրված մեղադրանքը որակեց անհիմն եւ արդարացման դատավճիռ կայացրեց: Դատավճիռն անակնկալի բերեց շարքային Ղուկասյանին: Մեծամորցի երիտասարդը, որ այլեւս հույս չուներ, թե կկարողանա ապացուցել իր անմեղությունը, այնքան շփոթված էր, որ նույնիսկ մոռացավ շնորհակալական խոսք հայտնել դատարանին ու իր շահերի պաշտպանին: Խնդրեց, որ դա փոխանցենք թերթի միջոցով: Մեզ հետ զրույցում զիծառայողն անկեղծացավ, որ միամտություն է ունեցել նախաքննության ընթացքում հրաժարվել հանրային պաշտպանի ծառայությունից: Մտածել է, թե անվճար ծառայությունից անիմաստ է դրական արդյունք ակնկալելը: Բայց որ խորապես սխալվել էր` համոզվեց սեփական փորձով:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ