Ստեղծենք կրթական բարենպաստ միջավայր

Ստեղծենք կրթական բարենպաստ միջավայր
Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվող Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում:



 



Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա եւ Արթենի համայնքներում գործող դպրոցներից ինը համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով. ստեղծվել են  Wi-Fi անկյուններ, եւ տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ:



 



Համակարգված աջակցություն դրսեւորելուն նպաստել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը: Վերջինիս հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել եւ իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը: Դասասենյակը բաղկացած է 2 մասից: Դրանցից առաջինը նախատեսված է դասերի, երկրորդը` խմբային աշխատանքների, խաղերի եւ հանգստի համար: Նորարար մոտեցում է պատ-գրատախտակը:



 



Ընդհանուր առմամբ, այս եւ վերը նշված ծրագրերի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 3 մլն 850 հազար դրամ:



 



«Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը, մայրաքաղաքին զուգահեռ, գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսեւորվել եւ կայանալ հաճելի միջավայրում: Ստեղծված են բոլոր պայմանները` խելացի, ստեղծագործող եւ բացահայտող սաներից հրաշալի անհատներ ձեւավորելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



Քարակերտի թիվ 1 դպրոցում Wi-Fi անկյուններ են գործելու դասարանի ժամանակակից մոդել ներկայացնող ստեղծագործարանում եւ անգլերենի դասասենյակում: Ի դեպ, յուրահատուկ լուծում առաջարկող ստեղծագործարանը կրթական նորամուծություն է: Նույն տարածքում դպրոցի գրադարանի եւ համակարգչային սենյակի առկայությունը, դասեր եւ միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը խթանում են աշակերտի ստեղծագործականությունը:



 



ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համակարգված ներդրումները` երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ ընկերությունն Արմավիրի մարզում զգալի ներդրում է կատարել նաեւ հակակարկտային կայաններ տեղադրելու համար: