«Վալլեքսն» արձագանքել է ՄԻՊ-ին

«Վալլեքսն» արձագանքել է ՄԻՊ-ին
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հայտարարություն, որում ասվում է.«Սույնով հայտնում ենք, որ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի կողմից տարածված «Մարդու իրավունքների վիճակը բնապահպանության նախարարության ոլորտում. օմբուդսմենի զեկույց 2012» վերնագրով տեղեկատվության մեջ տեղ գտած «Դեռևս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը» դատողությունը չի կարող համապատասխանել իրականությանը:



Բավական է միայն նշել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը հանքարդյունահանման բնագավառում լիցենզիա տրամադրելու լիազորություն 2012 թ. ընդհանրապես չի ունեցել, քանի որ համապատասխան գործառույթը դեռևս 2008 թ. անցել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ինչը հավանաբար պետք է հայտնի լիներ նաև ՀՀ ՄԻՊ աշխատակազմին:



Եվս մեկ անգամ հավաստում ենք, որ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը որևէ ոլորտում որևէ գործունեություն ծավալել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավական հիմքերի պատշաճ ապահովումից հետո:



Մենք ողջունում ենք այն վարքագիծը, երբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի իրականացրած ուսումնասիրությունների շրջանակներում հաշվի են առնվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցվող տեսակետները: Այդուհանդերձ, վերջիններս որպես իրականություն ներկայացնելը պահանջում է որոշակի ռացիոնալ վերլուծություն, լրացուցիչ ուսումնասիրությունների իրականացում, ինչի բացակայությունը տվյալ պարագայում հանգեցրել է իրականության հետ որևէ առնչություն չունեցող ձևակերպումների: ՄԻՊ բարձր ամբիոնից հանրությանն ու համապատասխան պետական մարմիններին ներկայացվող տեղեկատվությունը, մեր համոզմամբ, պետք է լինի իրավունքի տրամաբանությամբ խմբագրված և իրավաբանորեն գրագետ ձևակերպումներով: Այս տեսանկյունից մեր տարակուսանքն ենք հայտնում Օմբուդսմենի զեկույցում առկա վերոնշյալ դրվագում դրսևորված գործելաոճի արդյունավետության առնչությամբ»: